Այս օրհասկան պահին խիստ կարեւոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել դեռեւս աշխարհում, այդ թվում` Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի’ հայրենակիցներ,

Վերջին օրերին համայն հայության ողջ ուշադրությունը սեւեռված է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակին: Կենաց-մահու կռիվ է, եւ այս համատեքստում մյուս խնդիրները մղվում են հետին պլան: Սակայն պետք է ողջամիտ լինել եւ չթուլանալ:

Այս օրհասկան պահին խիստ կարեւոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել դեռեւս աշխարհում, այդ թվում` Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը: Օրեցօր ավելացող հիվանդացության դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել, ավելին` Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նկատելի աճ` պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը եւ, ցավոք սրտի, խլում կյանքեր:

Սիրելի’ ժողովուրդ, անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները: Կրկին ու կրկին կոչ ենք անում լինել ավելի զգոն, շարունակել կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան: Հարկ է հիշեցնել, որ ինչպես համաճարակի ողջ ընթացքում, այնպես էլ հիմա, առավել քան կարեւոր է մեր քաղաքացիների առողջությունն ու մարտունակությունը:

Եվս մեկ անգամ հորդորում ենք ցանկացած իրավիճակում լինել հետեւողական, պահպանել հակահամաճարակային կանոններն՝ այն գիտակցումով, որ կարող ենք կանխել հիվանդության տարածումը, ինչն առողջ եւ ամուր կպահի մեր թիկունքը»։