Կարեւոր է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի վրա ռազմական ազդեցություն չլինի, քանի որ այն ռազմավարական օբյեկտ է ոչ միան տարածաշրջանի համար, այլեւ նրա սահմաններից դուրս, հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին կառավարության նիստից հետո ճեպազրույցում, հայտնում է «Sputnik – Գրուզիան»։

«Ռազմավարական նշանակության օբյեկտները, որոնք անցնում են Հարավային Կովկասով, մեզ համար, անկասկած, չափազանց կարեւոր շահերի ոլորտ են, եւ այս ուղղությամբ մշտական մոնիթորինգ է կատարվում։ Մենք խոսում ենք ինչպես տարածաշրջանում մեր գործընկերների հետ, անմիջաբար այն երկրների հետ, որոնց տարածքով անցնում է ռազմավարական նշանակության օբյեկտը, այնպես էլ մեր ռազմավարական գործընկերների հետ, քանի որ հենց այս ռազմավարական օբյեկտներն են տարածաշրջանի անվտանգության երաշխիքը»,- հայտարարել է Զալկալիանին։

Սրանից ելնելով, ինչպես պարզաբանել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը, բոլորը շահագրգռված են, որ ռազմավարական օբյեկտների նորմալ գործունեությունը սպառնալիքի տակ չհայտնվի։

«Մեզ համար անչափ կարեւոր է, որ այդ օբյեկտների վրա որեւէ կարգի ռազմական ազդեցություն չլինի։ Նավթամուղը չափազանց կարեւոր օբյեկտ է, որը կարեւոր դերակատարում ունի տարածաշրջանի եւ այդ թվում՝ Եվրամիության էներգաանվտանգության մեջ»,- նշել է Զալկալիանին։

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ընդհանուր երկարությունը 1768 կիլոմետր է, որից 443 կիլոմետրն անցնում է Ադրբեջանի տարածքով, 249 կիլոմետրը՝ Վրաստանի, 1076 կիլոմետրը՝ Թուրքիայի։ Կառուցումը սկսվել է 2003 թվականի ապրիլին, իսկ նավթի ներմղումը՝ 2005 թվականի մայիսի 18-ին։ Ներմղման հզորությունը կազմում է օրական 1,2 մլն բարել։