Թուրքիան սիրիացի գրոհայինների է սկսել հավաքագրել և Ադրբեջան տեղափոխել Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումից մեկ ամիս առաջ: Այս մասին Asia Times պարբերականին հայտնել են Սիրիայից՝ տեղեկացնելով, թե ինչպես են ընտրել վարձկաններին և թե ինչու են նրանք մեկնել Ադրբեջան:

Ինչպես ներկայացնում է պարբերականի լրագրող Ահմադ Զազան, վարձկանների հավաքագրման մասին տեղեկություններ Սիրիայում սկսել են տարածվել սեպտեմբերի 1-ից: Իսկ սեպտեմբերի 6-ին թուրքամետ խմբավորումների հրամանատարներն արդեն սկսել են գրանցել ցանկացողներին:

Սիրիացի Խալեդը հայտնել է, որ Ադրբեջան է մեկնել մարտերի մեկնարկից երկու շաբաթ առաջ: «Սեպտեմբերի 14-ին մենք ավտոբուսով Սիրիայից ուղևորվել ենք Թուրքիա: Մենք 25 հոգով էինք»,- ասել է սիրիացին: Նրա խոսքով՝ Թուրքիայում իրենք բուժզննում են անցել: Բացի այդ, ընտրել են միայն նրանց, որոնց տարիքը 18-40-ի սահմանում է:

«Ես ապագա չունեի: Ես պատասխանատվություն եմ կրում ընտանիքիս ծախսերի համար»,- ասել է 20-ամյա Խալեդը, որին 1500 դոլար աշխատավարձ են խոստացել: Դա 500 դոլարով ավելի քիչ է, քան Լիբիայում են առաջարկել: «Հրամանատարը բացատրել է, որ Ադրբեջանում ավելի քիչ են վարձատրելու, քանի որ այս պատերազմը Կատարին պետք չէ»,- ասել է Խալեդը:

Խալեդին նաև խոստացել են, որ իր ընտանիքին 100 հազար դոլար կվճարեն, եթե մահանա, իսկ եթե վիրավորվի իրեն 7000 դոլար կվճարեն:

Մեկ այլ գրոհային՝ 42-ամյա Ահմադը, որը 5 երեխայի հայր է, պարբերականին հայտնել է, որ նույնպես գումար վաստակելու համար է մեկնել Ադրբեջան, քանի որ Սիրիայում 1500 դոլար նա մեկ տարում է ստանում: Ահմադը ևս 50 հոգու հետ Սիրիայից մեկնել է սեպտեմբեի 16-ին:

Աղբյուրի տվյալներով՝ գրոհայիններից մեկը Ադրբեջանից իր ընկերներից մեկին հեռախոսով հայտնել է, որ մարտերի առաջին շաբաթվա ընթացքում 50 զինակից ընկեր է կորցրել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: