Այսօր առավոտվանից Ադրբեջանի ԶՈՒ-երը սկսել են հարձակողական գործողությունները, հարավային ուղղությամբ՝ ավելի սաստիկ։ Այս մասին՝  մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հայկական կողմը հակառակորդին հետ է շպրտել իր բնագծեր, սակայն հարավային ուղղությամբ համառ մարտեր են ընթանում:

Ադրբեջանական ԶՈՒ-երը հրթիռակոծել են Ստեփանակերտը, Շուշին և այլ քաղաքաներ: Կան վիրավորներ նաև լրագրողների շարքից», — նշեց նա:

Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր երկու անգամ Ադրբեջանի ԶՈՒ-եր հրթիռակոծել են Սուրբ Ղազանչեցոց վանքը, որի հետևանքով վանքը զգալիորեն տուժել է: Քաղաքացիական վիրավորների մասին լրացուցիչ կհայտարարվի:

ՊՆ ներկայացուցիչը շեշտեց՝ այս ընթացքում կա քաղաքացիական 93 վիրավոր, որից 20-ը՝ թեթև կամ միջին ծանրության, մնացածները՝ ծանր:

«Կա 20 զոհ, հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք, 430 մասնավոր շարժական գույք, 750 տարբեր տեսակի ենթակառուցվածքներ և օբյեկտներ», — ասաց բանախոսը:

Անդրադառնալով այն հարցին, թե հայկական կողմը քանի վիրավոր զինվոր ունի, Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին հստակ թիվ ասել չի կարող, սակայն շնորհիվ բժիշկների ջանքերի նրանց մեծ մասը 24 ժամվա ընթացքում կազդուրվում են։