Բունդեսթագում Ձախերի պատգամավոր Գրեգորի Գիզին հոկտեմբերի 7-ին կառավարության հարցուպատասխանի ժամանակ Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասին հարցադրում է արել, թե որքանով կարող է Բեռլինը չեզոք մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում։

Պատգամավորը, մասնավորապես, հարցրել է՝ արդյոք Գերմանիան պետք է երկու կողմերին հրադադարի կո՞չ անի, թե՞ Հայաստանին համերաշխություն պետք է հայտնի։ Պատգամավորը պահանջել է վճռական դիրքորոշում ընդունել Թուրքիայի դեմ, ինչին ի պատասխան՝ արտգործնախարարն ասել է․ «Մենք և միջազգային մյուս միջնորդները պետք է քաղաքական առումով չեզոք մնանք։ Հակառակ դեպքում չենք ընկալվի որպես միջնորդ։ Մենք Հայաստանից ստանում ենք բանակցություններին պատրաստ լինելու ազդակներ, իսկ Ադրբեջանից՝ ոչ։ Եթե Բաքուն շարունակի հրադադարը մերժելու իր դիրքորոշումը, մենք պետք է մեզ հարցնենք, թե որքանով կարող ենք կողմերի հանդեպ չեզոքություն պահպանել»։

Ձախ պատգամավորի մյուս հարցին, թե Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, Ղարաբաղում ռազմական գործողություններին միջամտելուց առաջ այդ մասին իրազեկե՞լ է կամ որևէ խորհրդակցություն ունեցե՞լ է դաշինքի մյուս անդամների հետ, արտգործնախարարը պատասխանել է, որ նման խորհրդակցություններ տեղի չեն ունեցել։