ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմեց, թե ինչ է քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին զրույցների ժամանակ:

«Քննարկվում է ամեն ինչ: Բայց գլխավոր թեման, որ քննարկվում է, իրավիճակն է մեր տարածաշրջանում, եւ հատկապես՝ ահաբեկիչների ներկայությունը Հարավային Կովկասում: Քանի որ, հասկանում եք, եթե պարզապես կռվում են Ղարաբաղն ու Ադրբեջանը կամ Հայաստանն ու Ադրբեջանը, սա մի իրավիճակ է: Իսկ եթե ռազմական գործողություններում ներգրավված են կոնկրետ ահաբեկչական խմբավորումներից ահաբեկիչներ (եւ, ի դեպ, երեկ ռուս պաշտոնյաները նշում էին կոնկրետ ահաբեկչական կազմակերպությունների մասին, որոնց անդամները պայքարում են հակամարտության գոտում), դա բոլորովին այլ իրավիճակ է, սա արդեն ոչ միայն Ղարաբաղի հարցն է, այլ մեր տարածաշրջանում ավելի լայն իմաստով անվտանգության՝ Ռուսաստանի եւ Իրանի անվտանգության հարցը: Սա, ընդհանուր առմամբ, գլոբալ անվտանգության խնդիր է: Քանի որ սա նշանակում է, որ ահաբեկիչները ընդլայնում են իրենց շրջանակը: Այսինքն՝ ստացվում է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի օգնությամբ ահաբեկիչները նորանոր տարածքներ են ստանում, որտեղ կարող են իրենց դրսեւորել: Եկեք պատկերացնենք, որ ինչ-որ կերպ այս հակամարտությունը ավարտվում է. Դրանից հետո ի՞նչ են անելու նրանք: Անկասկած, այդ ահաբեկիչներից ոմանք կմնան տարածաշրջանում եւ կգործեն այնտեղ: Մենք տեղեկություններ ենք ստանում, որ այդ ահաբեկիչներն արդեն իսկ կարգուկանոն են հաստատում Ադրբեջանի որոշ գյուղերում: Եվ սա հարց է առաջացնում, թե որքանով են Ադրբեջանի իշխանությունները վերահսկում իրավիճակը սեփական երկրում: Քանի որ, եթե ահաբեկիչները ինչ-որ տեղ ինչ-որ նորմալ երկրում գործում են, ապա բնականոն կառավարությունը պետք է աշխատի նրանց ոչնչացնելու ուղղությամբ եւ ոչ թե հնարավորություն տա նրանց ոչ միայն գործել առանց խոչընդոտների, այլեւ հաստատել իրենց սեփական կանոնները», — ասաց նա РБК-ին տված հարցազրույցում:

Հարցին, թե տրվե՞լ են արդյոք Հայաստանին ռուսական ռազմական միջամտության երաշխիքներ, Փաշինյանը նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, եւ «մենք ունենք անվտանգության ոլորտի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ»: «Օրինակ, մենք ունենք ընդհանուր հակաօդային պաշտպանություն»: Պատասխանելով այն հարցին, թե ներգրավված է արդյոք այժմ ՀՕՊ-ը, նա ասաց, որ դրանք ներգրավված են, բայց ոչ մարտական: «Ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության տարածքը: Բայց եթե հակաօդային պաշտպանության գծով Հայաստանի տարածքի համար սպառնալիք լինի, ապա մեր համատեղ ուժերը պետք է ներգրավվեն: Եվ դա նախատեսված է մեր համաձայնագրերով, կանոնադրություններով եւ այլ փաստաթղթերով»:

Հարցին, թե հաստատվել են արդյոք ռուսական ռազմական միջամտության երաշխիքները Մոսկվայի հետ վերջին զրույցների ժամանակ, Փաշինյանը հայտնեց, որ վերջին զրույցներում քննարկվել են այդ թեմաները, սակայն քանի որ դրանք նախատեսված են մեր պայմանագրերով, այն ամեն անգամ հաստատելու կարիք չկա: «Սա գոյություն ունեցող փաստ է, եւ մենք քննարկել ենք այս ոլորտի որոշ մանրամասներ»:

Խոսելով այն մասին, թե արդյոք նա Ռուսաստանից Հայաստան ռազմական տեխնիկայի մատակարարում է ակնկալում, վարչապետը հիշեցրեց, որ Ռուսաստանը եւ Հայաստանը կապված են դաշնակցային հարաբերություններով, որոնց անքակտելի բաղադրիչը նաեւ ռազմատեխնիկական համագործակցությունն է: Հարցին, թե այս հակամարտության հետ կապված նոր մատակարարումներ կլինե՞ն, Փաշինյանը պատասխանեց. «Սա արդեն այլ հարց է, որը ես չեմ կարող հրապարակավ քննարկել: Հատկապես այս իրավիճակում»: