Հավատում էինք, որ այս իրավիճակում, երբ մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ է միասնականություն, համախմբում, դատարանը հավատարիմ կմնար բացարձակապես իրավունքին և օրենքին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդության մերժմանը:

«Չնայած իմ բազմաթիվ գործընկերների հետ ամենօրյա քննարկումներին ու տեսակետներին, թե այս դատարանը ևս հավատարիմ կմնա այն քաղաքական ենթատեքստին, ինչը կա Գագիկ Ծառուկյանին հետ կապված այս ողջ գործընթացի մեջ, ես անհույս լավատեսներից մեկն էի: Ցավում եմ, որ նույնիսկ այսօր մարդիկ չկարողացան վեր կանգնել անձնական հաշվեհարդարներից»,-ասաց պատգամավորը՝ նշելով, թե համաձայն է Ծառուկյանի փաստաբանների այն կարծիքին, որ այսօրվա կայացրած որոշումից հետո այս դատական ինստիտուտը կարելի է համարել մեռած:

«Մեկ բան հստակ է՝ այս գործով 20 մեղադրյալ կա, որոնք, ըստ հայտարարությունների, կազմակերպել են ինչ-ինչ գործընթացներ, և որևէ մեկի հանդեպ կալանքը չի ընտրվել որպես խափանման միջոց՝ ի տարբերություն Ծառուկյանի»,-ասաց Զոհրաբյանը:

Նա ընդգծեց՝ այսօր շատ ավելի կոշտ գնահատականներ հնչեցնելու օրը չէ, ծանր հարցեր տալու և շատ ավելի բաց խոսելու ժամանակը գալու է: «Այսօր ուղղակի անթույլատրելի է հասարակության մեջ բարիկադներ դնելը, մենք ներսում խրամատներ չպետք է ունենանք, պետք է հասկանանք, որ ունենք մեկ թշնամի՝ միացյալ թուրք-ադրբեջանական տեռորիստական տանդեմը»,-հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշումը կայացվել է սեպտեմբերի 25-ին: Նա մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու մեջ, սակայն մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում: