Այսօրվա դրությամբ Ստեփանակերտում բոլոր ենթակառուցվածքները շարունակում են աշխատել իրենց հունով, խուճապ չկա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը:

«Ցավալի փաստ է, որ թշնամին արդեն հասել է այն սադրանքին, որ ռմբակոծում է քաղաքներն ու գյուղերը։ Ստեփանակերտի ռմբակոծության վերաբերյալ ուսումնասիրվում են բոլոր ավերածությունները, որոշում են կրած վնասների աստիճանը։ Այսօր Ստեփանակերտում բոլոր ենթակառուցվածքները շարունակում են աշխատել իրենց հունով եւ որեւէ խուճապ չկա։ Եթե տապալվում է մի ենթակառուցվածք, ապա մեր մասնագետները տեղում վերացնում են այդ վնասները եւ փորձում  են ապահովել քաղաքի բնականոն կյանքը։ Գազանջատումը եղել է՝ ավտանգության նկատառումներից ելնելով։ Էլեկտրոանջատումները վերականգնվել են։ Առաջիկա 1-2 օրվա ընթացքում Ստեփանակերտում անջատումներ չեն լինելու։ Ջրամատակարարումը շուրջօրյա է։ Սանմաքրման աշխատակիցները վաղ առավոտյան մաքրում են եւ քաղաքը բերում նորից այն վիճակին, որը եղել է խաղաղ ժամանակ»,- ասաց Թամրազյանը։

Անդրադառնալով Ստեփանակերտի ապաստարաններին եւ այդ ուղղությամբ քաղաքապետարանի աշխատանքներին՝ փոխքաղաքապետն ասաց. «Ունենք ապաստարաններ, որոնք կահավորված պատրաստ են եղել այս օրերին։ Քաղաքապետարանում ունենք թեժ գծեր եւ քաղաքացիները տեղյակ են պահում քաղաքապետարանի աշխատակիցներին։ Այն աշխատակիցները, որոնք զորակոչին չեն մասնակցում, օգնություն են ցուցաբերում ապաստարաններում մնացող քաղաքացիներին»։

Հարցին՝ քաղաքացիներն ամենաշատն ինչի՞ կարիքն ունեն, Թամրազյանն ասաց. «Կոնկրետ Ստեփանակերտում մենք ժողովրդին ապահովում են սնունդով եւ տաք վերմակներով, հագուստով։ Ընդհանուր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ էլ ասեմ, որ ձեւավորված է շտաբ, որը կարգավորում է այդ հարցերը։ Մենք կապի մեջ ենք Տարածքային կառավարման նախարարության հետ։ Մենք փորձում ենք քաղաքացիներին 1-3 օրվա ռեզերվով տրամադրել սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ»։

Փոխքաղաքապետը նշեց նաեւ, որ Ստեփանակերտի բնակիչների 50-60 տոկոսը մնացել է քաղաքում։

Նրա խոսքով՝ մայրաքաղաքում պատսպարվել է նաեւ Արցախի այլ շրջանների խաղաղ բնակիչների մի մասը։