Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին եւ ԵՏՀ Կոլեգիայի անդամներին (նախարարներին):

Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը եւ վերջին զարգացումները՝ ընդգծելով ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարեւորությունը:

Փոխվարչապետը բարձր է գնահատել ԵՏՀ գործունեությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ երկրների միջեւ համագործակցության ու առեւտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հանձինս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի Երեւանում միջկառավարական խորհրդի նիստը կազմակերպելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հիմնական ուղղությունները եւ առաջնահերթությունները, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել Երեւանում ս.թ. հոկտեմբերի 9-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հարցերին: