Հակառակորդը փորձում էր զարգացնել հարձակումը,  բայց այսօր գլխովին ջախջախվել է, դուրս է շպրտվել իր հարձակողական բնագծերից։ Այս  մասին այսօր  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Ջաբրայիլում փախուստի դիմող ստորաբաժանումների վերաբերյալ ՊՆ հաղորդագրությանը։

«Մեր ԶՈՒ-երը շարունակում են իրենց ազատագրական հաջողությունների շղթան, սա մեզ համար չափազանց կարևոր  ու ոգևորիչ է , բայց ծանր պատերազմ է, իրավիճակներ կան, որ կարող են մեծ հաջողություններ լինել, իրավիճակներ կան, որ կարող են դժվարություններ, նահանջումներ, թևանցումներ,  շրջանցումներ լինեն,   բայց հաղթանակաը մերն  է լինելու  և մեր Զինված ուժերը հստակ իրենց խնդիրը կատարում են»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ Ստեփանակերտում, ցավոք սրտի, րոպեների տարբերությամբ հրթիռակոծում են։

«Մարտական ԱԹՍ-ների և  հրթիռների միջոցով հարվածում են խաղաղ բնակիչներին։ Պաշտպանության բանակը հաջողություններ ունի նաև հյուսիսային ուղղությամբ՝ դիրքեր է ազատագրել, որոնց մասին րոպեներ առաջ հայտարարություն եղավ»,- հավելեց նա։

Դիտարկմանը, որ ապացույցներն ավելանում են, որ այս պատերազմում գրոհայիններ կան, Արծրուն Հովհաննիսյանն ասաց․

«Միջազգային որևէ  պետություն, կառույց, ով Ադրբեջանի կողմից դաշնակից չէ, չի կասկածում, որ ահաբեկչական կազմակերպությունները  օգնում են Ադրբեջանին՝ Թուրքիայի ձեռամբ»։