Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, հայտարարել է, որ այս խնդիրը պատերազմի միջոցով չի լուծվի: Այս մասին տեղեկացնում է ISNA-ն: Աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել է, որ նախագահն այս հարցի շուրջ զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հետ, և որոշվել է, որ հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ևս կզրուցի:

Մահմուդ Վաեզին նաև անդրադարձել է պատերազմի հետևանքով Իրանում առաջացած որոշ հուզումներին:

«Ոմանք, ովքեր երկրից դուրս են գտնվում, փորձում են պատերազմական իրավիճակն օգտագործելով՝ երկրի ներսում հայերի և ադրբեջանցիների միջև հակասություններ ստեղծել։ Այս առնչությամբ տեսանյութեր են հրապարակվել, որոնց ուսումնասիրությունից պարզվել, որ Իրանում չեն արվել։ Այս հարցն, անշուշտ, կառավարությունը քննարկել է, և անհրաժեշտ հրահանգներ տվել Ներքին գործերի նախարարությանը։ Այս օրերին իրավիճակը բարելավվել է, և մենք պետք է զգոն լինենք, որ արտաքին խնդիրները ներքին համախմբվածությանը վնաս չհասցնեն»,-ասել է նա: