ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, քիչ առաջ  մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների բողոքը։

«Դատարանն անզոր գտնվեց, սա դատարանի որոշում չէր, որոշումը կայացվեց դատարանի փոխարեն», — լրագրողներին ասաց Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նա նշեց՝ կներկայացնեն վճռաբեկ բողոք։

Նշենք որ պաշտպանական թիմը բողոքարկել էր Ծառուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի այդ որոշման հիմք էր հանդիսացել քրեական գործի ընթացքին խոչընդոտելու ռիսկը։  Գագիկ Ծառուկյանը կալանավորված է սեպտեմբերի 25-ից։

Նշենք, որ պաշտպանները Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ-ին։ Նրանք հայտնել են, որ ունեն փաստական տվյալներ, որ ինչ-որ պաշտոնատար անձանց անօրինական միջամտության արդյունքում «որոշվել» է, որ Վճռաբեկ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է մերժի ներկայացված վճռաբեկ բողոքները, որպեսզի դատական գործը շատ արագ մուտքագրվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հնարավորինս արագ կարգով քննություն իրականացվի եւ Գագիկ Ծառուկյանը կալանավորվի։