ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր ստեղծել նպաստավոր հարկային միջավայր, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները ֆիզիկական անձանց մինչեւ 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները ներելու որոշում կայացնելու պարագայում լրացուցիչ հարկային հետևանքներ չկրեն: «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացնելու ընթացքում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթացքում կատարվել են որոշ տեխնիկական փոփոխություններ:

Նախագծի ընդունմամբ` պետությունն, ըստ էության, իր վրա է վերցնում բեռի մի մասը՝ ուղիղ խրախուսելով, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները գնան այդ քայլին, ներեն տույժերն ու տուգանքները: Փոխնախարարի խոսքով՝ կառավարությունը որոշել է նման նախաձեռնություն անել՝ հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակում շատ ֆիզիկական անձինք դժվարություններ ունեն ներգրավված վարկերն անխափան սպասարկելու գործում:

Օրենքի նախագիծը խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն 88 «կողմ» ձայնով: