Այսօր Գագիկ Ծառուկյանը պետք է ազատ արձակվի։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Սիրելի՛ ժողովուրդ,

Մեր երկրի եւ մեր պետության համար ճակատագրական ժամանակներ ենք ապրում, եւ, ինչպես բազմիցս ասվել է, մեզ պետք է լիակատար ազգային համախմբում՝ թշնամուն ջախջախելու համար:

Այդ նպատակով խիստ կարեւոր եմ համարում, որպեսզի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն անհապաղ ազատ արձակվի: Դա անհրաժեշտ է, որպեսզի նա իր բոլոր կապերով եւ ռեսուրսներով կարողանա աջակցել մեր համազգային գործին:

Բոլորս քաջատեղյակ ենք Գագիկ Ծառուկյանի հայրենանվեր գործերի մասին: Հայտնի է նաեւ նրա մեծ հեղինակությունը եվրոպական միջազգային կառույցներում, նաեւ՝ ԵԱՏՄ անդամ պետություններում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում եւ Բելառուսում: Հետեւաբար կարծում ենք, որ լինելով ազատության մեջ՝ նա կարեւոր եւ վճռական գործունեություն կծավալի մեր համընդհանուր գործի հաջողության համար:

Տարբեր քաղաքական ճաշակներից, ելեւէջներից, ստանդարտներից կառչած մնալն օգուտ չի տա. այդ ամենը պետք է մի կողմ դնել: Գագիկ Ծառուկյանի լուման հաղթանակի գործում  կարող է խիստ նշանակալից լինել:

Համոզված եմ՝ նրա գործունեությունը կարեւոր նշանակություն կունենա մեր համընդհանուր գործի հաջողության համար»։

Նշենք, որ վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքի որոշման բողոքի վերաբերյալ իր որոշումը կհրապարակի այսօր ժամը 18-ին։