ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում շարունակաբար ստացվում են տվյալներ այն մասին, որ մեր քաղաքացիները շարունակում են բաց կապուղիների միջոցով հեռախոսային կապ հաստատել առաջնագծում գտնվող զինծառայողների հետ և այդ խոսակցությունների ընթացքում միմյանց հետ քննարկվում են նաև սահմանագծում տիրող իրավիճակի և հայկական կողմի մարտական դիրքերի տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկություններ:

«Հարկ ենք համարում շեշտել, որ հեռախոսային այդօրինակ խոսակցությունները կարող են վերահսկվել հակառակորդի կողմից և առիթ դառնալ մեր զինծառայողներին թիրախավորելու համար: Ուստի, մեկ անգամ ևս կոչ ենք անում և խստորեն զգուշացնում, որ մեր զինծառայողները զերծ մնան միմյանց և իրենց հարազատների միջև հեռախոսային բաց կապ հաստատելուց, ինչպես նաև հիշյալ բնույթի տարատեսակ խոսակցություններից, որոնք ուղղակիորեն կարող են սպառնալ մեր քաջարի զինծառայողների անվտանգությանը՝ անգամ վտանգ հանդիսանալով նրանց կյանքի համար»,- այս մասին ասված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում: