Ադրբեջանական քարոզչական լրատվակայք haqqin.az-ը ՀՀ վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանի անունից կեղծ հայտարարություններ է տարածել։ Կայքը, մասնավորապես, «Մեր նպատակը Ադրբեջանի խաղաղ բնակչությանը հարվածներ հասցնելն է» վերտառությամբ հոդված է հրապարակել՝ կցելով Վաղարշակ Հարությունյանի՝ «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցից կադրեր։ Խմբագրման ենթարկելով հարցազրույցի ընթացքում հնչած մտքերը՝ ԶԼՄ-ն տպավորություն է ստեղծել, թե վարչապետի խորհրդականը խոսքում ընդգծում է, որ հայկական կողմի հարվածներն ուղղված են Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով ամբողջական տեսանյութը, հայտնում է, որ Վաղարշակ Հարությունյանի խոսքերը խեղաթյուրված և ենթատեքստից կտրված է ներկայացվել։ Վերջինս, խոսելով հակառակորդի ձեռնարկած քայլերի և մարտավարության մասին, շեշտում է, որ Ադրբեջանական (ոչ թե հայկական) կողմը թիրախավորում է խաղաղ բնակչությանը՝ խուճապ առաջացնելու նպատակով։

Հարկ է կրկին հիշեցնել, որ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի Հանրապետությունները բազմիցս շեշտել են, որ չեն թիրախավորում խաղաղ բնակչությանը։ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը իր հերթին հայտնել է, որ ադրբեջանական խաղաղ բնակչության թիրախավորումը բացառված է։

Հիշեցնենք, որ սա Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում առաջին դեպքը չէ, որ հակառակորդը ՀՀ պաշտոնյաների խոսքերը ենթարկում է կամայական խմբագրման։ Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, նմանօրինակ մոնտաժման էր ենթարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերաբերող տեսանյութը։