Արցախում Մարտական գործողությունների հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Վահրամի Մարգարյանը սահմանամերձ Տավուշի մարզի Պառավաքար համայնքից էր։ 20-ամյա երիտասարդը սովորում էր ՀՊՏՀ-ում։ Համակուրսեցին՝ Անուշ Մանուկյանը Irakanum.am-ի հետ խոսելով զոհված զինծառայողի մասին, ասաց, որ Կարենի հետ միասին սովորել են մեկ տարի։ Կարեն Մարգարյանը ուսումը կիսատ է թողել՝ մեկնել հայոց բանակ։ Ծառայությունն ավարտելուց հետո վերադառնալու էր հարազատ համալսարան՝ կրթությունը շարունակելու։ «Շատ- շատ խելացի էր, աչքի էր ընկնում իր լավ սովորելով։ Եթե չստեմ՝ մեր կուրսի լավագույն սովորողն էր, անգամ դասամիջոցներին միշտ կարդում էր։ Դասախոսների աչքի լույսն էր, առաջինը միշտ ինքն էր պատասխանում, առաջին նստարանին նստում էր, մի խոսքով՝ գերազանցիկ էր»,- ասաց համակուրսեցին։

Խոսելով զոհված զինծառայողի մարդկային հատկանիշների մասին, Անուշ Մանուկյանն ասաց, որ Կարեն Մարգարյանը բարի ու ընկերասեր էր։ «Օգնում էր բոլորին, թե աղջիկ, թե տղա։ Լավ հումոր ուներ, դասից դուրս եւս շփվել ենք։ Կուրսով տեղ էինք գնում, ինքը միշտ ներկա էր ու իրա հետ հետաքրքիր ու ուրախ էր։ Եթե Կարենը կար, ապա ուրախ էր անցնում ժամանակը»,- պատմեց համակուրսեցին։

Կարեն Մարգարյանը Տավուշի մարզի Պառավաքար համայնքից էր։ 20-ամյա քաջորդին Երևանում վարձով էր ապրում՝ քույրերի հետ։ Նպատակներ ու երազանքներ շատ ուներ։ Դրանցից գլխավորը՝ կրթությունը շարունակելն էր։ Ամեն ինչ անում էր, որ տեղափոխվի անվճար։ «Ինքը վճարովի էր ընդունվել, ինձ ասում էր, ուզում եմ անվճար դառնամ։ Պատմել էր, որ ընդունելության ժամանակ մի քիչ խառվել է, ի դեպ շատ խառնվող էր»։

 

Կարեն Մարգարյանը ապագա ֆինանսիստ էր։ «Կարենի մեջ ամփոփված էր ամեն լավ բան»,- եզրափակեց Անուշ Մանուկյանը:

Irakanum.am