Միացյալ Թագավորության Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը և Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը համատեղ հայտարարություն են տարած` կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այս մասին ասված է Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական կայքում:

«Կանադան և Միացյալ Թագավորությունը կրկին հայտարարում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա շուրջ շարունակվող ռազմական գործողություններին վերջ դնելու անհրաժեշտության մասին: Մենք հատկապես մտահոգված ենք քաղաքացիական շրջանների ռմբակոծումների մասին հաղորդագրություններով և ցանկանում ենք մեր ցավակցությունները հայտնել զոհվածների ընտանիքներին։ Հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն բռնությունը և հարգեն հրադադարի մասին համաձայնագիրը»,- ասված է հայտարարության մեջ:

Միացյալ Թագավորությունն ու Կանադան հաստատակամորեն աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին։

«Մենք վճռականորեն կոչ ենք անում երկու պետությունների բոլոր գործընկերներին` կրկնապատկել իրենց ջանքերը ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու համար և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ճգնաժամի սրմանը»,- նշել են ԱԳ նախարարները:

Հայտարարությունում ասված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը կարող է լինել միայն բանակցությունների, ոչ թե ռազմական գործողությունների միջոցով:

«Բոլոր կողմերը պետք է շտապ վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և աշխատեն առանց նախապայմանների այդ նպատակին հասնելու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում: