ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը խորհրդարանում ելույթի ժամանակ ցուցադրեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ընկած հրթիռներից մեկի բեկորը՝ նշելով, որ մեր դեմ պատերազմում են հանցագործ Թուրքիան և Ադրբեջանը: Աբովյանը նշեց, որ հանցագործ են բոլոր նրանք, ովքեր զենք են կիրառում խաղաղ բնակչության նկատմամբ:

«Սա այն մեծ տրամաչափի հրթիռներից մեկի մի մասն է, որով այսօր հրթիռակոծվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ քաղաքները: Այս բեկորը գտել եմ Ստեփանակերտի ծննդատան մոտ, այսօր այսպիսի բազմաթիվ հրթիռներ են կիրառվում Արցախի խաղաղ բնակչության դեմ: Հանցագործ են բոլորը, որոնք որևէ տեսակի զենք են կիրառում խաղաղ բնակչության դեմ: Մեզ հետ պատերազմում է ահաբեկչական Թուրքիան և ահաբեկչական Ադրբեջանը: Սա այն ուղեգիրն է, որը պետք է այդ երկու հանցագործի առջև բացի Հաագային միջազգային տրիբունալի դռները: Չեմ կասկածում, որ թե’ Ալիևը, թե’ Էրդողանը կստանան իրենց արժանի պատիժը»,- ասաց Աբովյանը:

Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի գործընկերները հասկանում են` եթե այսօր չկանգնեցնեն այդ ահաբեկիչներին, ապա այդ ահաբեկիչները կհայտնվեն Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում, Իրանում և այդպես շարունակ: