«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմական այս օրերին մեր հարեւան եւ բարեկամ Վրաստանը շատ տարօրինակ վարքագիծ է դրսեւորում Հայաստանի ու Արցախում ընթացող պատերազմի նկատմամբ։ Նա, մի կողմից, հայտարարում է, որ արգելել է Վրաստանի տարածքով ինչպես Ադրբեջան, այնպես էլ Հայաստան մատակարարվող ռազմական բեռների փոխադրումը, մյուս կողմից տեսնում ենք, թե ինչպես են իսրայելական օդանավերը Վրաստանով թռչում Ադրբեջան՝ ենթադրաբար, ռազմամթերք հասցնելով մեր հակառակորդին։

Սա քիչ է, Վրաստանը նաեւ խոչընդոտներ է հարուցում Հայաստան ներկրվող կարեւոր նշանակության բեռների հարցում։ Մենք տեղեկացանք, որ մի քանի օր է՝ վրացական նավահանգիստներից թույլ չեն տալիս վառելիքով բեռնված ցիստեռնների փոխադրումը Հայաստան։

Ուղիղ կերպով չեն արգելում, բայց այնպես են անում, որ հայկական կողմը մեզ համար այս օրերին կենսական նշանակության այդ բեռները Հայաստան տեղափոխելու հարցում դժվարություններ կրի, մասնավորապես, վառելիք ներկրող հայկական ընկերությունները, ինչպես տեղեկացանք, այսօր մոտ 50 ցիստեռն բենզին ունեն Փոթիում կանգնած, որոնց՝ գնացքի վագոններ բարձելու եւ դրանք երկաթգծով Հայաստան փոխադրելու հարցում վրացական կողմն արհեստական խոչընդոտներ է հարուցում, ինչը չէր եղել նախկինում։

Արդյունքում՝ օրական ընդամենը 2-3 ցիստեռն հազիվ է հասնում Հայաստան, ինչը շատ փոքր քանակ է, հատկապես՝ պատերազմական իրավիճակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում