Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել՝ արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Չդադարեցնելով ռազմական նպատակներին հասնելու անհաջող փորձերն ու կրելով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի լուրջ կորուստներ՝ Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի անմիջական վերահսկողության եւ կառավարման ներքո, սրընթաց աճող ինտենսիվությամբ շարունակում են հարձակումները Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը եւ հանրապետության այլ բնակավայրեր գտնվում են հրթիռա-ռմբային զանգվածային հարձակումների տակ:

Խաղաղ բնակչության եւ քաղաքացիական օբյեկտների վրա անդադար հարձակումները ոչ մի կասկած չեն թողնում, որ Մերձավոր Արեւելքից ահաբեկչական կազմակերպությունների զինյալների աջակցությամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի իրական նպատակը Արցախի Հանրապետության ժողովրդի ոչնչացումն է՝ որպես Հայոց ցեղասպանության քաղաքականության շարունակություն:

Ընդգծում ենք, որ հանցավոր եռակողմ դաշինքին ռազմական աջակցություն ցուցաբերող երկրները, մասնավորապես՝ նրանք, ովքեր հարձակողական զենք եւ զինամթերք են տրամադրում, որոնցով թիրախավորվում են խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, անկասկած իրենց բաժին պատասխանատվությունն են կրում մարդկության դեմ շարունակվող հանցագործության համար: Մասնավորապես՝ աղաղակող փաստ է, որ զենքի մատակարարումն իրականացվում է ընդլայնվող ռազմական ագրեսիայի պայմաններում, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է ուժի կիրառումը եւ կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

Կոչ ենք անում համապատասխան երկրների կառավարություններին դադարեցնել վտարյալ պետությունների եւ միջազգային ահաբեկչության կողմից Արցախի դեմ իրականացվող ագրեսիայի սնուցումը, դադարեցնել զենքի մատակարարումը հանցավոր եռակողմ դաշինքին, ինչպես նաեւ չտրամադրել իրենց տարածքն ու օդային տարածությունը՝ Ադրբեջան եւ Թուրքիա ռազմական մատակարարումներ իրականացնելու համար:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, ինչը թույլ կտա վերացնել Արցախի ժողովրդի գլխին կախված էքզիստենցիալ վտանգը, վերջ տալ Արցախի դեմ անմարդկային ագրեսիային եւ վերականգնել երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում»: