Պատերազմն Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի` Իրանի հարեւան երկու երկրների միջեւ եւ որոշ իրադարձությունների ի հայտ գալը, այդ թվում` Սիոնիստական ​​ռեժիմի, Թուրքիայի եւ թաքֆիր-ահաբեկիչների ներգրավվածությունն այս պատերազմում, ինչպես նաեւ պարբերական կրակոցներն ու ականանետային հարվածներն Իրանի տարածքի վրա այս մարտում մտահոգիչ են եւ հնարավորինս շուտ պետք է դադարեցվեն: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության առաջնորդի` միջազգային հարցերով գլխավոր խորհրդականը, փոխանցում է Mehr-ը:

Անդրադառնալով Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի կոնֆլիկտներին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ` Ալի Աքբար Վելայաթին նշել է. «Մենք հարգում ենք բոլոր ազգերի տարածքային ամբողջականությունը, ինչը ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներից մեկն է: Մենք` որպես ՄԱԿ-ի անդամներ, պնդում ենք այդ սկզբունքը, հատկապես որ այս երկու երկրները մեր հյուսիսային հարեւաններն են»,- հավելել է նա:

«Որոշումը ոչ մի դեպքում ռազմական չէ, այն պետք է լուծվի քաղաքական ճանապարհով. ուստի մենք դեմ ենք հանդես գալիս ցանկացած ռազմական գործողության: Քանի որ այս պատերազմում պարտվողները մարդիկ են` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ վերջին շրջանում ռմբակոծվել են բնակելի տարածքները: Այս պատերազմը հակասում է երկու երկրների ժողովուրդների շահերին, ինչպես նաեւ` տարածաշրջանի անվտանգությանը: Որոշ կողմնակի կողմեր նույնպես խթանում են լարվածությունը, ինչպիսիք են Սիոնիստական ​​ռեժիմը եւ Թուրքիան: Մենք խորապես հավատում ենք, որ խաղաղությունը կհաստատվի ի շահ երկու երկրների»,- հավելել է նա: