Արցախում Մարտական գործողությունների հետևանքով մահացած 25 -ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Երանոսյանը Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքից էր։ Բարի, նպատակասլաց ու խիզախ Արթուր Երանոսյանը բանակն ու զինվորական կյանքը շատ էր սիրում։ Այդ էր պատճառը, որ զորացրվելուց մեկ տարի անց, նրա քայլերը դարձյալ ուղղվեցին դեպի հայկական բանակ՝ այս անգամ որպես պայմանագրային։

Արթուր Երանոսյանի մորեղբայրը՝ Արմեն Սիմոնյանը Irakanum.am-ի հետ զրույցում ասաց, որ զոհված զինծառայողը նվիրված էր իր աշխատանքին։

«25 տարեկան էր, ծառայությունից հետո պայմանագրային էր աշխատում։ Արդեն մի քանի տարի է աշխատում էր»։ Արթուր Երանոսյանը վերջին անգամ հարազատներին տեսել էր սեպտեմբերի 25-ին՝ մարտական գործողություններից երկու օր առաջ։ «Ջահել տղա էր, էնքան բան ուներ անելու, նոր էր կյանքը սկսվում, երիտասարդ տղա էր․․․»,- ասաց մորեղբայրը։
Արթուր Երանոսյանը զոհվեց․․․ մարտի դաշտում թողնելով անշնչացած մարմինը՝ փրկելով հարազատ եղբորը։ Նախօրեին պայմանագրային զինծառայողին հուղարկավորել են։ Եղբորը թույլատրել են մասնակցել հուղարկավորությանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 251 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Irakanum.am