ԱԺ պատգամավորները Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը քննարկելու համար հանդիպում են ուզում վարչապետի հետ։ Այս մասին ԱԺ այսօրվա նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ ռազմաճակատն ունի երկու ֆրոնտ, երկորրդ ֆրոնտը դա քաղաքական ու արտաքին ֆրոնտն է, միջազգային հարաբերություները։

«Շատերս ուզում ենք իմանալ, թե ինչ խոսակցություն է գնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ, ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ։ Եվ ես չեմ կարող այդ հարցերը վաղը հարց ու պատասխանի ժամանակ տալ վարչապետին։ Ես առաջարկում եմ յուրաքանչյուր խմբակցությունից մեկական կամ երկուական մարդ վարչապետին հարմար ժամի հանդիպում կազմակերպեք։ Բայց մենք չենք կարող տեղեկացված չլինել, թե ինչ է տեղի ունենում այդ դաշտում»,- ասաց նա։

Ըստ Մարուքյանի՝ այդ պահին պատգամավորները կտրված են այդ խոսակցությունից և որևէ կերպ դրա մասնակիցը չեն դառնում։ «Իսկ դա լավ չէ, մեկ գլուխը լավ է, երկրորդն ու երրորդն ավելի լավ, և լուծումները պետք է լինեն ընդհանուր կոնսոլտուցիաներով»,- հավելեց նա։