Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է վերջին մեկ տարում զորացրվածներին։

«Նրանք, ովքեր վերջին մեկ տարվա ընթացքում են զորացրվել, ենթակա չեն զորակոչի և խնդիրն այն է, որ գործնականում, ես չգիտեմ օրենքն ինչու է այդպես գրվել, դա նոր եմ իմացել։ Վերջին տարում մեր զորացրված տղաները գործնականում ամենամարտունակն են, մեր մոբիլիզացիոն ռեսուրսն են, խնդիրն այն է, որ այսօր հայրենիքն ունի այդ մարդկանց կարիքը», — ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետը։

«Տղերք, հայրենիքն այսօր ունի ձեր կարիքը», — ասաց Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ սա ոչ թե ուղղակի Ղարաբաղի հարց է, այլ՝ հայոց ցեղասպանությունը շարունակելու քաղաքականությունն է։

«Մենք պետք է մեր ժողովրդին պաշտպանենք ցեղասպանությունից, եթե մենք ոտքի չկանգնենք, բոլորովս ենթարկվելու ենք ցեղասպանության», — ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց՝ ուզում է կոչով դիմել, որ վերջին մեկ տարում բանակից զորացրված տղաներն այս պահից սկսած ներկայանան Կենտրոնական հավաքակայան ու զինվորագրվեն հայոց բանակին։

«Ես արդեն անհրաժետ հանձնարականները տվել եմ: Նրանք զորահավաքային, մոբիլիզացիոն ռեսուրսի մեջ չեն մտնում, որովհետեւ օրենքը նրանց չի նախատեսել, բայց ես այսօր նրանց խնդրում եմ որպես կամավորական զինվորագրվել:  Ինչպես ասել եմ, սա մի նոր Սարդարապատ է եւ մենք կողք-կողքի, ուս-ուսի պետք է կանգնենք, հակառակորդի ողնաշարը ջարդենք, պետք է հաղթենք: Ի միջիայլոց, այդպիսի 10 հազար տղա կա Հայաստանում, եւ եթե այդ 10 հազարից գոնե կեսը ներկայանա այս կոչին ի պատասխան, դա կլինի մեր  բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը»,- ասաց ՀՀ վարչապետը։