Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Քոչարյանը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող այն տեղեկությունը, թե իբր ինքը հակահայկական շեշտադրումներով գրառումներ է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի, Ռուսաստանի հետ կապված: Տիգրան Քոչարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ ուղիղ հեռարձակման ժամանակ, դա համարել էր էժանագին քայլ:

«Իմ անունից ադրբեջանցիները տեղեկություն են տարածում այն մասին, թե, իբր ես piգհ.tv կայքից Փաշինյանի, Ադրբեջանի, Ռուսաստանի հասցեին ինչ-որ բաներ եմ ասել՝ նշելով, թե այլևս չեմ կարող լռել: Այդ ամենը սուտ է: Ասեմ, որ այդ բլոգն արդեն մի քանի տարի է իմը չէ: Չեմ օգտագործում, և չվճարելով այն գնվել է մեկ ուրիշի կողմից: Ես այդ բլոգի հետ որևէ կապ չունեմ: Շատ հավանական է, որ իրենք են գնել: Այն, ինչ իմ անունից տարածվում է, ապատեղեկատվություն է: Կարծում եմ, որ հատկապես պատերազմական ժամանակ անհեթեթություն է այդպիսի բան գրելը: Դա էժանագին քայլ է, ժամանակին շատ ցավոտ հարվածներ ենք հասցրել իրենց ուղղությամբ,  երևի հիմա փորձում են դա վերադարձնել»,-նշել է Տիգրան Քոչարյանը:

Նա տեղեկացրել է, որ այս պահին որևէ բլոգ չունի: Նա օգտագործում է իր «Ֆեյսբուք»-ի, «Թվիթեր»-ի հաշիվներ: Փորձագետն ընդգծեց, որ, հաշվի առնելով պատերազմական իրավիճակը, այլ հարցերի ժամանակը չէ. «Մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ հաղթենք այս պատերազմում: Դրա համար հորդորում եմ ուշադրություն չդարձնել ադրբեջանական այդ աղբին»: