ArmLur.am-ը տեղեկություններ է ստանում այն մասին, որ երեկվանից Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակիցներն ինքնիրավչությամբ են զբաղված: Բանն այն է, որ Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի անունից մի խումբ մարդիկ այցելել են քաղաքի տարբեր խանութներ ու հորդորել են փակել, դադարեցնել գործունեությունը, քանի որ օդային տագնապ է սպասվում: Ըստ բնակիչների, նույն աշխատակիցները շրջել են Վարդենիսով ու հորդորել, որ գիշերը «լույս չվառեն» բնակարաններում, լինեն ապաստարաններում եւ որ ամենատաօրինակն է՝ ավտոտնակներում կամ ավտոմեքենաների մեջ:

Բնակիչները հետեւել են քաղաքապետարանի աշխատակիցների հորդորներին ու կեսգիշերին մի հատվածը պատսպարվել է տարբեր վայրերում: Սակայն կեսգիշերին «հայտնվել» են քաղաքապետարանի ներկայացուցիչները ու հայտարարել, թե արդեն կարող են իրենց բնակարանի լույսերը վառել ու տագնապ ասվածը չի լինելու, կարիք չկա:

Ո՞րն էր նման խուճապ տարածելու իմաստը: Ինչո՞ւ են Վարդենիսի քաղաքային իշխանությունները՝ քաղաքապետ Արամ Մելքոնյանի գլխավորությամբ ինքնագործունեություն ցուցաբերել, եթե դրա համար չի եղել ո՛չ հրահանգ, ո՛չ կանոնակարգված աշխատանք եւ ամենակարեորը՝ ո՛չ էլ անհրաժեշտություն:

Վարդենիս համայնքի ղեկավարը ArmLur.am-ի հետ զրույցում այսպես բացատրեց ստեղծված իրավիճակը. «Իրազեկում է կատարվում քաղաքացիական պաշտպանության պլանի հետ կապված»:

ArmLur.am-ը զրուցեց նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում.

«Հայաստանի որեւէ համայնքում, որեւէ տարածքում օդային տագնապ հայտարարված չէ, որեւէ մեկը չպետք է անհանգստանա: Եթե տագնապի անհրաժեշտություն լինի, մենք դա կհայտարարենք՝ հատուկ ծանուցելով: Խուճապի կարիք չկա ու զարմանում եմ, թե ինչու են տեղերում ինքնագլուխ ինչ որ բաներ անում: Ընդամենը ես հանձարարել եմ բոլոր պատկան մարմիններին վերականգնել օդային տագնապի շչակները, անհրաժեշտության դեպքում այն կիրառելու համար, քանի որ երկրում ռազմական դրություն է հայտարարված: Այսինքն՝ զուտ ֆորմալ, արարողակարգային քայլ է, որ պարտավոր ենք անել: Զորավարժությունների ժամանակ ոնց էինք տագնապ հայտարարում՝ այն ույն ձեւով հիմա ենք պատրաստվում, որ պետք լինի կհայտարարենք տագնապ: Բայց կարիք չկա: Հանգիստ եղեք ժողովուրդ ջան»:

Հավելենք, որ արդեն երկու օր է, հատկապես Վարդենիսի հատվածում հարաբերական անդորր է եւ տագնապ հայտարարելու որեւէ հիմք չկա՝ նույնիսկ փորձնական: Ավելին՝ ռմբակոծությունների ու հրթիռակոծությունների ժամանակ մարդիկ օրինակելի ձեւով ինքնակազմակերպվում էին ու կարիք չկա առավել խաղաղ իրավիճակում անիմաստ խուճապ առաջացնել: