ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև երկխոսությունը շարունակական հիմունքներով ու բարձր մակարդակով է անցկացվում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը և մանրամասնում, որ մամուլի քարտուղարն այս կերպ է պատասխանել լրագրողներից մեկի հարցին, թե ինչու է Պուտինը ԼՂ հակամարտության սկզբում մի քանի հեռախոսազրույց ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, սակայն չի զրույցել Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների հետ:

«Դա կապված է նախագահների աշխատանքային գրաֆիկի և կապ հաստատելու նպատակահարմարության հետ, սակայն չի նշանակում, որ ռուսական կողմը աշխատանքային շփումների ինչ-որ «պակաս» ունի: Ընդհակառակը՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն Ադրբեջանից ու Թուրքիայից իր գործընկերների հետ մշտական կապի մեջ է գտնվում: Լեռնային Ղարաբաղի թեմայով ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական, ինչպես նաև ռուս-հայկական երկխոսությունը մշտական բնույթ է կրում և իրականացվում է բարձր մակարդակով»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:

Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ Պուտինն անհրաժեշտության դեպքում ԼՂ-ում տիրող իրավիճակը քննարկելու համար հեռախոսազրույցներ կունենա Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներ Իլհամ Ալիևի և Թայիփ Էրդողանի հետ:

«Եթե անհրաժեշտ լինի, անկասկած, նախագահ Պուտինը գործընկերների հետ կքննարկի այս թեման»,- նշել է Պեսկովը, սակայն ժամկետների մասին որևէ բան չի հայտնել՝ նշելով, որ խոսքը պատերազմի մասին է, որտեղ իրադարձություններն արագ են զարգանում:

«Հանգամանքների զարգացումից կախված ՝կձևավորվի նաև երկխոսության անհրաժեշտությունը»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3145 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև

Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 14 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։