Ամերիկացի դերասան, նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Կառլ Ուեդերսն իր թվիթերյան էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հրահրած պատերազմին և իր զորակցությունը հայտնել հայերին։

«Հայ ժողովրդի ապագան վտանգված է։ Ադրբեջանը և Թուրքիան հարձակում են ձեռնարկել Հայաստանի և Արցախի Հանրապետության վրա՝ հույս ունենալով իրականացնել ցեղասպանության իրենց հավերժական նպատակ՝ ոչնչացնել հայ ժողովրդին: Սիդնեյից մինչև Լոս Անջելես, Փարիզից մինչև Բուենոս Այրես, Մոսկվայից մինչև Բեյրութ, յուրաքանչյուր հայ պետք է իր դերը խաղա գոյատևման համար այս ճակատագրական ճակատամարտում»,- գրել է նա։

Կառլ Ուեդերսը նաև կոչ է արել գումար հանգանակել Համահայկական հիմնադրամին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3145 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 14 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։