Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախորդ շաբաթ բռնկված արյունալի հակամարտությունն աշխարհի մեծ տերությունները, կարծես, դեռևս չեն կարողանում կանգնեցնել, մինչդեռ Թուրքիան հրահրում է ագրեսորին՝ Ադրբեջանին, գրում է The Australian թերթը։

Մարդու իրավունքների պաշտպան, գիտնական և գրող Ջեֆրի Ռոբերտսոնն իր հոդվածում պատմական ակնարկ է ներկայացրել Արցախի Հանրապետության մասին՝ մատնանշելով երկրում լեռների մեջ խոյացող հին քրիստոնեական եկեղեցիները, որոնցից մի քանիսը թվագրվում են 10-րդ դարին, «թանգարաններում պահվող ձեռագրերը և արխիվները, որոնք վկայում են այդ բարձրադիր վայրերում հայերի մտավոր և կրոնական կյանքի մասին»։

«Անտանելի է պատկերացնել, որ Արցախը կարող է ներխուժման ենթարկվել, իսկ նրա ժողովուրդը՝ սպանվել կամ փախչել։ Սակայն հենց դա է Թուրքիայի հայտարարված նպատակը»,- գրում է հոդվածագիրը։

Ինչպես մատնանշում է Ռոբերտսոնը, չնայած Թուրքիայի ժխտողականությանը, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ինչպես նաև բրիտանական ԶԼՄ-ների վկայություններն ապացուցում են, որ վերջին մեկ ամսվա ընթացքում թուրքերը հավաքագրել և վճարել են Սիրիայից գրոհայիններին, որպեսզի նրանք միանան ադրբեջանական ուժերին։

«Սա ապացուցում է այն իրողությունը, որ Թուրքիան և Ադրբեջանը նախապես ծրագրել են իրենց հարձակումը։ Ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևն արդեն երկար տարիներ հարվածում է ազգայնական դհոլին՝ հայերի հանդեպ հրահրելով ռասսայական և կրոնական ատելություն և իր ժողովրդին խոստանալով երջանիկ հայրենիք Ղարաբաղում։ Հնարավոր է, որ մասամբ հենց սեփական հռետորաբանությանը հետևելու անհրաժեշտությունը ստիպեց նրան պատերազմ սկսել, հենց որ նա կարողացավ վստահ լինել Թուրքիայի կողմից աջակցության հարցում»։,-գրում է հեղինակը:

Ռոբերտսոնը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ մինչ Հայաստանը համաձայնել է հետևել միջազգային հանրության կոչերին և խաղաղ բանակցություններ սկսել, Ալիևը հրաժարվում է։

«Ադրբեջանն այս առումով մեղավոր է ՄԱԿ-ի կանոնադրության խախտման համար, որն արգելում է ցանկացած «զինված հարձակում ՄԱԿ-ի անդամի վրա» ։ Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հակամարտությունը փոխանցի Միջազգային քրեական դատարան, որն այժմ լիազորված է հետաքննել ագրեսիայի հանցագործությունը, որը, ինչպես երևում է, կատարվել է Ալիևի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությամբ»,- գրում է հոդվածագիրը։

Ջեֆրի Ռոբերտսոնի վստահմամբ՝ հայերը կոփված ազգ են և կկարողանան հաղթահարել Ադրբեջանի ագրեսիան։

«Նրանք չեն հանձնի Արցախը և չպետք է դա անեն։ Ավստրալիան չպետք է տատանվի նրանց աջակցելու հարցում՝ ոչ թե հանուն քրիստոնեության, այլ հանուն ժողովրդավարության»,- եզրափակել է նա։