Դատարանը քննում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ պաշտպանների վերաքննիչ բողոքը։ Նրանք լրագրողներին հայտնեցին, որ Ծառուկյանը դատական նիստին չի ցանկացել ներկա գտնվել՝ մտահոգված լինելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով. «Նա ստեղծված իրավիճակում տեղը չի գտնում»:

Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանի խոսքով՝  այսօր Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի դեմ պաշտպանների բերած բողոքի քննությունը շատ կարճ տևեց, մինչդեռ պաշտպանական խմբից յուրաքանչյուրը բերել էր 60 էջանոց փաստաթղթեր։

«Այսօր իրավիճակն այնպիսին չէ, որ այդքան մանրամասնորեն բոլոր հարցերին անդրադառնայինք։ Այստեղ իրականում մեկ կարևոր հարց կար՝ լավ, 4 ամիս անձն ազատության մեջ էր, գործին ինչ-որ կերպ խոչընդոտե՞լ է, դատախազն է նույնիսկ ասել, որ նման բան չի եղել։ Հարց է ծագում, որ ինչպե՞ս է ստացվում, որ Ծառուկյանի պարագայում 4 ամիս ազատության մեջ գտնվելով, հանկարծ գտնում են, որ նա պետք է կալանավորվի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեմ Սարգսյանը։

Դիտարկմանը, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրավոր դիմել էր Գլխավոր դատախազին՝ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար, փաստաբանն ասաց, որ որպես իրավաբան՝ ավելի քիչ է պատկերացնում, թե ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանի կարիքը որքան կա, իսկ Էդմոն Մարուքյանը դա ավելի լավ է պատկերացնում։

«Լսելով նման կարծիքներ, ասում եմ, որ ուրեմն՝ ԱԺ-ում էլ նրա կարիքը կա։ Այն անձը, որը կարող է միջազգային կուսակցությունների հետ հարաբերությունների մասով խնդիրներ լուծի, ասում են՝ ոչ, դու մնա կալանքի տակ։ Գիտեք, ռազմական դրություն նշանակում է՝ իրադրության փոփոխություն։ Ռազմական իրավիճակի վերաբերյալ դատախազները, բնականաբար, անհանգստություն հայտնեցին, բայց գտան, որ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու բողոքը որևէ կերպ չպետք է քննվի Վերանքննիչ դատարանում»,- հավելեց Երեմ Սարգսյանը։

Նա նաև շետեց, որ տեղյակ է՝ Գագիկ Ծառուկյանը բազմաքանակ օգնություն է տրամադրում Արցախին, թե ինչ տեսակի օգնություն՝ փաստաբանը չասաց։ Պաշտպանական խումբը նաև ասաց, որ Գագիկ Ծառուկյանը ցանկություն չի ունեցել ներկա գտնվելու դատական նիստին, քանի որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ տրամադրություն չունի։

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքի քննության հետ կապված որոշումը դատարանը կհրապարակի հոկտեմբերի 7-ին։