Ստեփանակերտի վրա իրականացվում է հրթիռային հարձակում. կիրառվում է «Սմերչ», «Պոլոնեզ», թուրքական «Կասիրգա», նմանատիպ հեռահար միջոցներ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հարցին՝ հնարավոր չէ՞ արդյոք Գյանջայի օդանավակայանի օրինակով լռեցնել այդ կրակակետերը, Հովհաննիսյանը նշեց, որ հնարավորինս լռեցվում են, սակայն պետք է հաշվի առնել այն, որ հակառակորդի միջոցներն ու ուժերը բավականին մեծ են, մեզանից՝ երբեմն մի քանի անգամ շատ:

Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կարծես ընդհատակ է անցել, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Չեմ կարծում, թե Զաքիր Հասանովը մեծ գլուխ գովալու տեղ ունի, որ ընդհատակում չմնա»:

Ինչ վերաբերում է նրան, որ հաճախ զինվորների հարազատները հրապարակում են վերջիններիս լուսանկարներն ու փնտրում նրանց, ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ սաստիկ ու ինտենսիվ պատերազմ է ընթանում, բուժհիմնարկներն աշխատում են 24 ժամ, առանց հանգստի. «Կարող են լինել բազում նման դեպքեր, որ մարդիկ ուշ հայտնաբերվեն, կամ սխալ տեղեկություններ հաղորդվեն զոհվելու ու վիրավորվելու վերաբերյալ: Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ: Մենք փորձում ենք մաքսիմալ սխալներ թույլ չտալ, իսկ թույլ տալու դեպքում էլ արագ շտկել դրանք»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։