Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար  Պեկկա Հաավիստոյի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը։

Զոհրաբ Մնացականյանը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ և զանգվածային թիրախավորումը, ինչը հանգեցնում է մարդկային կորուստների։

ՀՀ ԱԳ նախարարը խորը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող գործոնի ակտիվացման առնչությամբ, ինչն արտահայտված է հակամարտության գոտում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների տեղակայմամբ և Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում վերջիններիս ներգրավմամբ։