Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ է հղել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ Ադրբեջանին զենք վաճառելը դադարեցնելու կոչով:

«Ցավալի է ձեզ գրել Լեռնային Ղարաբաղի խաղաղ հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը աջակցելու գործում Իսրայելի ներգրավվածության մասին:

Պարոն վարչապետ, Լեռնային Ղարաբաղը պատմականորեն Հայաստանի մի մասն է եղել մինչեւ այն օրը, երբ Ստալինը որոշեց այն, Հայաստանի եւս մեկ շրջանի՝ Նախիջեւանի հետ միասին, հանձնել Խորհրդային Ադրբեջանին: Սակայն մենք հասկանում ենք, որ Իսրայելը բարեկամական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, բայց ոչ այնքանով, որքանով նա ագրեսորին ժամանակակից ռազմական տեխնիկա է մատակարարում, որպեսզի էլ ավելի դրդի Ադրբեջանին խախտելու փխրուն խաղաղությունը:

Բայց տարածաշրջանում պատերազմ հրահրելու Ադրբեջանի ռազմական գործողությունները, անկասկած, վկայում են այն մասին, որ Իսրայելը դեմ է խաղաղության հաջող գործընթացին: Բացի այդ, Իսրայելի ներկայիս դիրքը հեգնանքով ցույց է տալիս, որ Իսրայելը անբարենպաստ վերաբերմունք ունի Հայաստանի եւ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի հանդեպ:

Կարիք չկա հիշեցնել ձեզ, պարոն վարչապետ, ձեր ժողովրդի տառապանքները ցեղասպանության համակարգված ծրագրերի եւ ջարդերի պատճառով: Այսօր Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկանում են ջնջել հայերին իրենց հայրենիքից, եւ, ցավոք, ձեր երկիրն ակտիվորեն օգնում է նրանց՝ իրենց ընդհանուր նպատակին հասնելու հարցում:

Հրեաները պնդում են, որ իրենք գոյության իրավունք ունեն, բայց ձեր երկիրն ակտիվորեն մերժում է հայերի օրինական գոյության իրավունքը՝ աջակցելով Ադրբեջանին:

Ակնհայտ է, որ Աստծո ընտրյալ ժողովուրդը չարամիտ է վարվում: Ո՞րն է այս դրվագի բարոյականությունը: Մարդկանց տնտեսական կամ սոցիալական օգուտները պետք է գերակայե՞ն խղճին, մարդկային վերաբերմունքին եւ արդար դատողությանը:

Ուստի մենք խնդրում ենք ձեզ՝ որպես խաղաղության ձգտող բանիմաց քաղաքական գործիչ, ձեր փորձով օգնելու խաղաղություն հաստատել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ, այլ ոչ թե հետագա պատերազմ եւ թշնամանք հրահրել այս երկու երկրների միջեւ: Թող ձեր խիղճը լինի ձեր դատավորը: Մենք վստահ ենք, որ ազնիվ եւ անկեղծ գործողությունները կարդարացնեն մեր սպասելիքները»:

Նամակի պատճեններն ուղարկվել են պաշտպանության նախարարին, արտաքին գործերի նախարարին եւ Կնեսետի նախագահին։

Նշենք, որ ավելի վաղ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նման կոչով նամակ էր հղել Իսրայելի նախագահին: