Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի նպատակն է եղել առաջին օրից սկսած պարզել Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հայտարարությունների և հարձակումների տրամաբանությունը, որովհետև այն ուղիղ առնչություն ուներ մարդու իրավունքների, կյանքի և առողջության իրավունքի հետ:

«Չափազանց կարևոր է ցույց տալ այդ հարձակումների հիմքում ընկած քաղաքականության նենգ բնույթը, որովհետև ակնհայտ է էթնիկ զտումների նպատակը և ահաբեկչական մեթոդներով  բնակչության վրա հարձակում գործելը:

Առաջին օրից սկսած՝ հակառակորդը թիրախավորում է քաղաքացիական խաղաղ բնակչությանը, քաղաքացիական բնակավայրերը և սա ակնհայտ է: Սրա մասին են վկայում ոչ միայն այն տեսանյութերը, կադրերը և այն ապացույցները, որ կան, այլ նաև այն ծանր հետևանքները, որ առաջացել են»,- ասաց Թաթոյանը:

ՄԻՊ-ի խոսքով` հակառակորդը կիրառել է այնպիսի զինատեսակներ, որոնք միջազգային մարդասիրական իրավունքներով արգելված են:

«Կարևոր է արձանագրել, որ խաղաղ բնակչության նկատմամբ հարձակումները իրականացվում են թե ռազմաօդային, թե հրետանային հարձակումների միջոցով»,- նշեց Թաթոյանը:

Արման Թաթոյանը հավելեց, որ Գեղարքունիքի մարզում փաստահավաք աշխատանքները ցույց են տվել, որ Ադրբեջանը նպատակ էր հետապնդում ԱԹՍ-ների միջոցով բնակչության նկատմամբ թիրախային հարձակումներ գործել: