ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որով մասնավորապես նախատեսվում է, որ ռազմական գործողություններով պայմանավորված ընթացիկ ծախսերը կաճեն 40 մլրդ դրամով, տնտեսական ցուցանիշների նվազումը կկազմի 6.8 տոկոս:

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Վերանայվել են մինչև տարեվերջ կանխատեսումները, որոնք հիմք են հանդիսացել առաջարկվող նախագծի համար: Ակնհայտ է, որ ռազմական դրությունը ունենալու է իր ազդեցությունը տնտեսական զարգացումների վրա»,-ասաց նախարարը:

2020 թվականին սպասվում է տնտեսական ցուցանիշների 6.8 տոկոս նվազում՝ ապրիլին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2 տոկոսի դիմաց: Իսկ անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6 տրլն 170 մլրդ դրամ՝ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 6 տրլն 485 մլրդ դրամի դիմաց:

Ջանջուղազյանը նկատեց, որ ստեղծված իրավիճակը չի շրջանցի նաև հարկային եկամուտները: 2020 թվականի պետբյուջեի հարկային եկամուտների կանխատեսվող մեծությունը գնահատվում է մոտ 1 տրլն 320 մլրդ դրամ: «Պարզ է նաև, որ մենք իրականացնելու ենք որոշակի ծախսեր, դրանց չափի վերաբերյալ նախնական գնահատականը մոտ 40 մլրդ դրամ է»,-ասաց նախարարը:

Պետական բյուջեի ընթացիկ ծախսերը կկազմեն շուրջ 1 տրլն 637 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 26.5%), ինչը 9.5 մլրդ դրամով մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ եւ 40 մլրդ դրամով մեծ է 2021թվականի բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020 թվականի սպասվող ցուցանիշից:

Եկամուտների և ծախսերի հարաբերակցության համեմատությամբ կանխատեսվում է, որ պետական բյուջեի պակասուրդը կկազմի շուրջ 459 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 7.4%), ինչը 134.8 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 2.4 տոկոսային կետով) ավելի մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ եւ 75.4 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 1.3 տոկոսային կետով)  ավելի մեծ է 2021թ. բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020-ի սպասվող ցուցանիշից: «Այսպիսի դեֆիցիտը, ենթադրվում է, որ կսպասարկվի ամբողջությամբ պարտք ներգրավելու հաշվին, այլընտրանք չկա: Մյուս կողմից ենթադրվում է, որ այս պարտքի ներգրավումը չի կարող չհանգեցնել պարտք-ՀՆԱ հարաբերակցության զգալի փոփոխության»,-ասաց Ջանջուղազյանը:

2020 թվականի համար գնահատվում է, որ  ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կմոտենա շուրջ 67 տոկոսի՝ հատելով 60% սահմանային շեմը:

Այս կարգավորումները տարածվում են սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա: