Ամերիկայի Միացյալ Նահանգների հայերը կրկին բողոքի ցույցերով իրենց ձայնն են հասցնում ողջ աշխարհին՝ վերջ տալ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիային: Այս անգամ հայերը փակել են Հոլիվուդի մայրուղիներից մեկի երթևեկությունը: Ավտոմեքենաները կայանել են մայրուղու մեջտեղում և ծածանել Հայաստանի, Արցախի դրոշները: Fox 11 Los Angeles-ի օդային նկարահանումը ցույց էր տալիս՝ ինչպես էր երթևեկությունը մոտ մեկ ժամ կանգնած՝ ճանապարհային ոստիկանության հսկողությամբ:

Լոս Անջելեսում CNN-ի դիմաց հարյուրավոր հայեր կրկին մոբիլիզացվել և բողոքի ցույց են անում, երգում հայրենասիրական երգեր, ծածանում Հայաստանի և Արցախի դրոշները: Հնչում են «Պայքար, պայքար մինչև վերջ», «Մեջք մեջքի տալով պետք է հասնենք մեր նպատակին», «Կեցցե հայ ազգը» և նմանատիպ այլ կոչեր: Հավաքվածները հայրենասիրական ելույթներով են հանդես գալիս, վանկարկում՝ հաղթանակ: Հայերին միացել են նաև եզդի եղբայրական ժողովրդի ներկայացուցիչները: Լոս Անջելեսի հայերը ցանկանում են վերացնել լռությունը ճշմարտության նկատմամբ, նրանք CNN-ի ուշադրությունն են հրավիրում Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի վրա՝ «CNN, որտեղ ես» պաստառով զարմանք արտահայտելով լրատվամիջոցի լռության առնչությամբ: