Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արցախն այս օրերին, առանց չափազանցության, ներքաշվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի մեջ: Այս պնդումը անելու համար կան լուրջ հիմնավորումներ, որոնք ամենևին չեն սահմանափակվում փորձագիտական մակարդակով:

Նախ՝ պատերազմ հայտարարելով Արցախին՝ Ադրբեջանը փաստացի հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների (որոնք աշխարհի տարբեր ուժային բևեռներն են ներկայացնում) հովանու ներքո ընթացող խաղաղ բանակցությունների միջոցով հիմնախնդիրը կարգավորելու ճանապարհից և ընտրեց հարցը ուժային կամ ռազմական տարբերակով լուծելու ծայրահեղ մոտեցումը:

Երկրորդ՝ Ադրբեջանը պատերազմը սկսելու առաջին օրվանից թիրախավորել է Արցախի խաղաղ բնակավայրերը՝ կիրառելով այնպիսի զինատեսակներ, որոնց օգտագործումն արգելված է միջազգային տարբեր կոնվենցիաներով:

Վերջապես՝ Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմում այդ երկրի իշխանությունները ներգրավել են վարձկան-ահաբեկիչների, որոնց գոյության փաստը հիմնավորվել է միջազգային տարբեր կենտրոնների կողմից:

Սա նշանակում է, որ ստեղծված իրավիճակը լեգիտիմ իրավունք է վերապահում մեզ հետագա գործողությունները տեղափոխելու Ադրբեջանի ողջ տարածք՝ ահաբեկչական խմբավորումներից այն մաքրելու համար:

Մեր պայքարն արդար է, առաջիկա զարգացումները, վստահաբար, կլինեն մեր օգտին: Իսկ հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական պարտված ղեկավարությունը՝ Ալիև ընտանիքի գլխավորությամբ:
#Հաղթելու_ենք»: