Սեպտեմբերի 27-ին սկսված Արցախի դեմ ռազմական գործողությունների ընթացքում զոհված Շավարշ Մուրադյանը կապանցի հայտնի ազատամարտիկ Մարտուն Մուրադյանի որդին էր: Շավարշը մասնակցել էր նաև Ապրիլյան պատերազմին և իր սխրանքների համար պարգևատրվել «Մարշալ Բաղրամյան», «Աղբյուր Սերոբ» մեդալներով և ՀՀ ՊՆ հուշամեդալով:

Այս անգամ էլ որպես կամավոր էր մեկնել ճակատ։

NEWS.am-ի հետ զրույցում ընկերները Շավարշին բնութագրում էին որպես բարի, «աստվածային էներգիայով օժտված» մարդու:

«Շավարշը շատ էր ոգեշնչվում հորից, իսկ մոր հետ առանձնահատուկ կապված էր: Իրենից փոքր եղբայր ունի, որը նույնպես սահմանին է»,- պատմում է Շավարշի ընկերներից Անին:

«Հայրենիքի մասին խոսելիս միանգամից զգաստանում էր, հայրենիքն իր համար բարձրագույն արժեք էր: Հաճախ կրկնում էր, որ հայրենիքի համար պատրաստ է ամեն ինչի, ու դա ապացուցեց իր կյանքի գնով»,– պատմում է ընկերներից Նորայրը։

Իր բացառիկ մտավոր ունակություններով Շավարշն աչքի էր ընկնում դեռ դպրոցական տարիներից: 11-րդ դասարանում, հաղթելով «ՖԼԵՔՍ» մրցույթում, մեկնել էր ԱՄՆ՝ սովորելու, վերադարձից հետո՝ ընդունվել Հայաստանի Ամերիկյան համալսարան:

Շավարշը շատ հումորով էր, երբեմն խոսքը համեմում էր Կապանի բարբառով, երազում էր մեծ և գեղեցիկ ընտանիք ունենալու մասին:

Ընկերների խոսքով՝ Շավարշի՝ առաջնագիծ մեկնելու մասին իրենք իմացել են միայն այն ժամանակ, երբ նա արդեն ռազմաճակատում էր. «Միշտ ասում էր, որ մեր հայրենիքն իրենով հպարտանալու է… այդպես էլ եղավ»։

Շավարշ Մուրադյանը զոհվել է սեպտեմբերի 29–ին։ Նա 24 տարեկան էր։