Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հոկտեմբերի 4-ին հայտնել է, որ Ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի խորացման պայմաններում բնակեցված տարածքներում պայթուցիկ ծանր զենքերի կիրառմամբ ուժգնացած հարձակումները մահացու հետևանքներ են ունենում քաղաքացիական անձանց համար։ Այս մասին տեղեկացրին ԿԽՄԿ-ի արտաքին կապերի բաժնից։

«ԿԽՄԿ-ն խստորեն դատապարտում է հաղորդված չտարբերակված գնդակոծությունները և պայթուցիկ զենքերի կիրառմամբ իրականացված այլ անօրինական հարձակումները քաղաքներում, գյուղերում և բնակեցված այլ տարածքներում, որոնց հետևանքով զոհվում կամ ծանր ու կյանքը խեղող վիրավորվումներ են ստանում քաղաքացիական անձինք»,- ասել է Ժնևում ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը։

«Բոլոր հնարավոր միջոցները պետք է ձեռնարկվեն՝ պաշտպանելու և խնայելու քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքները, ինչպիսիք են՝ հիվանդանոցները, դպրոցները և շուկաները։ Քաղաքացիական անձանց ջրամատակարարումը ևս պետք է պաշտպանվի։ Սրանք միջազգային մարդասիրական իրավունքի ներքո ստանձնված պարտավորություններ են»,- հավելել է Շյուպը։

Սեպտեմբերի 27-ից տարածաշրջանում ընթացող մարտերը, ըստ հաղորդումների, մեծ թվով քաղաքացիական անձանց կյանքեր են խլել կամ վիրավորումներ հասցրել շփման գծի երկու կողմում։ Վերջին օրերին մեծացել է բնակեցված տարածքներում ծանր և պայթուցիկ զենքերի կիրառումը։

«Հարյուրավոր տներ և կենսական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ հիվանդանոցներ և դպրոցներ, ոչնչացվել կամ վնասվել են ծանր հրետակոծությունների և օդային ու հրթիռային հարձակումների հետևանքով։ Մյուս ենթակառուցվածքներին, ինչպիսիք են՝ ճանապարհները և էլեկտրականության, գազի ու հեռահաղորդակցության ցանցերը, ևս վնասներ են պատճառվել։ Որոշ ընտանիքներ ներկայումս տեղափոխվում են՝ փնտրելով ապահով ապաստարաններ, մինչդեռ մյուսները վերադարձել են ստորգետնյա չջեռուցվող նկուղներ՝ զօրուգիշեր պատսպարվելով այնտեղ բռնությունից։

Ազդեցության լայն շառավղով պայթուցիկ զենքերի կիրառումը բնակեցված տարածքներում գտնվող ռազմական թիրախների ուղղությամբ կարող է խախտել միջազգային մարդասիրական իրավունքը, որն արգելում է չտարբերակված ու անհամաչափ հարձակումները։ ԿԽՄԿ-ն գտնում է, որ պետք է խուսափել բնակեցված վայրերում ազդեցության լայն շառավղով պայթուցիկ զենքերից, եթե չեն կիրառվում այդ ազդեցության հետևանքները սահմանափակող և քաղաքացիական անձանց պատճառվող հնարավոր վնասները նվազեցնող բավարար միջոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։