Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ընթացքում բնակավայրերի անխնա հրետակոծման վճռական դատապարտմամբ: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, կիրակի տարածված հայտարարության մեջ հիշեցվում է, որ պայթուցիկ զենքի կիրառումը բնակելի շրջաններում կարող է մարդասիրական իրավունքի խախտում հանդիսանալ:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դատապարտում է քաղաքներում և այլ բնակավայրերում անխնա հրետակոծությունը, ինչպես նաև այլ ենթադրյալ անօրինական հարձակումները՝ պայթուցիկների կիրառմամբ, որոնց մասին լուրեր են ստացվում և որոնց հետևանքով մարդկային կյանքեր են կորսվում: Անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցառումները քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների, ինչպես օրինակ՝ հիվանդանոցների, դպրոցների և շուկաների պաշտպանության համար»,-հայտարարել է ԿԽՄԿ Եվրասիայի գծով տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեփը:

Կազմակերպության տվյալներով՝ «ծանր հրետանու կրակով և օդային հարձակումներով, այդ թվում՝ հրթիռներով, ավերվել կամ վնասվել են հարյուրավոր տներ և առանցքային ենթակառուցվածքներ, այդ թվում՝ ճանապարհներ, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, կապի ցանցեր»: