Խաղաղապահներին Ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելու հարցը և այնտեղ նրանց գտնվելու ձևաչափը պետք է քննարկվեն Մինսկի խմբի, և, հնարավոր է, ընդհանուր առմամբ, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) շրջանակներում, կարծում է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը՝ նշելով, որ նման գործողությունները պահանջում են հակամարտության բոլոր կողմերի շահագրգռվածությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուս խաղաղապահներին Ղարաբաղում տեղակայելու հարցը կարող է դիտարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

«Խաղաղապահներն արդյունավետ են միայն այն ժամանակ, երբ հակամարտության բոլոր կողմերը հետաքրքրված են նրանցով: Սա առաջինը. մեզ պետք է հստակ արտահայտված կամք բոլոր կողմերից», — կիրակի РИА Новости-ին ասել է Կոսաչյովը: