ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել  է Այսօր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից Գանձակի (Գյանջա, Կիրովաբադ, Ելիզավետապոլ) ռազմական օդանավակայանին հասցված հարվածին:

Նա մասնավորապես գրել .

«Գանձակը իր տարածքով երկրորդ, բնակչության թվով Արդբեջանի երրորդ խոշոր քաղաքներից է։ Գանձակի մոտ 332000 բնակիչների արագ տեղահանումը մեծ խնդիրներ կարող է առաջացնել Ադրբեջանի իշխանությունների համար՝ հաշվի առնելով, որ մոտակայքում խոշոր բնակավայրեր չկան, որոնք ի վիճակի կլինեն այդքան բնակչության տեղավորել։

Հատկանշական է, որ Գանձակի տնտեսությունը իր կառուցվածքով բավականին մոտ է Հայաստանի տնտեսությանը, քանի որ այն հիմնված է գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, տուրիզմի և հանքարդյունաբերության վրա։ Բավականին հայտնի է Գանձակի Մետաքս գործարանի ապրանքանիշը, որի հիմնադիրները հայերն են եղել։

Այստեղ նաև արդյունահանվում են պղինձ և ալյումին։ Գանձակի շրջանը ապահովում է Ադրբեջանի գյուղմթերքի մոտ 15 տոկոսը, մասնավորապես՝ կարտոֆիլ, խաղող, տավարի միս, ձու և այլն։ Գանձակում է գտնվում Վրաստան-Ադրբեջան երկաթուղու կարևորագույն հանգույցը՝ լոգիստիկ կենտրոնը, որը ապահովում է արևելքից արևմուտք և հակառակը բեռների փոխադրումը։ Նկատի ունենալով վերջին օրերին Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների ահաբեկչական գործողությունները՝ օտարերկրյա կազմակերպությունները պետք է խուսափեն այս տարածքով բեռներ տեղափոխել, քանի որ ոչ ոք չի կարող երաշխավորել ենթակառուցվածքների անվտանգությունը։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսը մեծ վնաս է հասցրել տուրիստական ոլորտին, որը Գանձակի կարևոր եկամտի աղբյուրներից է։

Այս պատերազմի պատճառով ոչ միայն խնդիր է լինելու այդ քաղաքի հետ օդային հաղորդակցության, այլև տուրիստական հոսքերի։ Առանց այն էլ Գանձակի տարածաշրջանում ապրող մարդկանց կենսամակարդակը մի քանի անգամ զիջում է Բաքվի փափուկ բարձրերին թիկնած և հոխորտացող մարդկանց։ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերված այս պատերազմի հետևանքները դեռ երկար ժամանակ ճաշակելու են Գանձակի բնակիչները»։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հայկական զինուժը հարվածել է Գյանջայի ռազմական օդանավակայանին։

«Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին»,– գրել է նա:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով Պոլոնեզ և Սմերչ համակարգեր: Նա նշել էր, որ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական խոշոր օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները:

«Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,– գրել էր նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 3-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 14 ինքնաթիռ, 123 անօդաչու թռչող սարք, 355 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 2745 զոհ, ավելի քան 4570 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն