Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Ուլրիկե Դեմերը, գրում է tass.ru-ն։

«Կանցլերը մտահոգություն է հայտնել շարունակվող բախումների և զոհերի թվի աճի կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները և վերսկսեն բանակցությունները։ Կանցլերը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը»,-հայտնել է Դեմերը։

Մերկելը նաև հանդես է եկել հակամարտող կողմերի միջև հումանիտար դադարի համաձայնեցման օգտին՝ մարտական գործողությունների գոտուց զոհված զինվորների մարմինները դուրս բերելու համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։