ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ֆրանս24»-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը:

ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված հարցազրույցի տեքստն ամբողջությամբ՝ ստորև.

«Ֆրանս24» լ/գ – Բարև Ձեզ: Մենք գտնվում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունում, որտեղ ինձ միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պարոն վարչապետ, շնորհակալություն մեր հյուրը լինելու համար։ Երկու տարի առաջ Դուք եկաք իշխանության, և Թավշյա հեղափոխությամբ ժողովրդին տրվեցին շատ մեծ հույսեր։ Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ են այդ հույսերը վտանգվել և փչացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռնկումով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, պատերազմը շատ ծանր բան է, և պատերազմի պայմաններում հույսերի մասին խոսելը շատ հեշտ չէ: Բայց, գիտեք, այս պատերազմը ես համեմատում եմ ահաբեկչական հարձակման հետ, ահաբեկչական հարձակում, որին, ցավոք սրտի, աշխարհն արդեն սովոր է: Ինչո՞ւ եմ այս իրավիճակը համարում ահաբեկչական հարձակում: Շատ պարզ պատճառով՝ Ադրբեջանը երկար տարիներ զարգացնում է հակահայկական ատելության քարոզ՝ ատելություն սերմանելով իր սեփական հասարակության շրջանում ամեն հայկականի և ամեն հայի նկատմամբ: Դուք կարող եք բազմաթիվ այդպիսի փաստեր տեսնել, երբ, օրինակ, հայկական ազգանունով մարդիկ, ովքեր Թուրքիայի, Ռուսաստանի, տարբեր երկրների քաղաքացիներ են, նրանց չի թույլատրվում մուտք գործել Ադրբեջանի տարածք:

Եվ կարող եմ ասել նաև, որ, օրինակ, նախորդ տարի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության եզրափակիչի ժամանակ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ըստ էության, այդ ատելության մթնոլորտի պատճառով հրաժարվեց մասնակցել, հնարավորություն չունեցավ մասնակցել եզրափակիչ խաղին, և այդ օրերին Մխիթարյանի մարզաշապիկով երկրպագուները Բաքվի փողոցներում կանգնեցվում էին ոստիկանների կողմից:

Եվս մեկ դեպքի մասին եմ ուզում Ձեզ ասել, որ պատկերն ամբողջական դառնա: 2004 թվականին ՆԱՏՕ-ի կազմակերպած մի սեմինարի մասնակից ադրբեջանցի սպա կացնահարել էր նույն սեմինարի մասնակից հայ սպայի, և դա տեղի էր ունեցել Բուդապեշտում: Հունգարիայի դատարանն այդ ադրբեջանցի սպային դատապարտեց ցմահ ազատազրկման: Որոշ ժամանակ պատիժը Հունգարիայում կրելուց հետո այդ սպան արտահանձնվեց Ադրբեջանին, և Ադրբեջանի նախագահը նույն օրը նրան ներում շնորհեց, և նրա ազատության առիթով մեծ տոնախմբություն կազմակերպվեց Ադրբեջանում: Նրան, ըստ էության, հերոսացրեցին:

Հիմա մենք ի՞նչ իրավիճակ ունենք: Մենք իրավիճակ ունենք, երբ Հայաստանի և Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից կռվում են Սիրիայում հավաքագրված վարձկաններ և ահաբեկիչներ:

«Ֆրանս24» լ/գ — Դուք ասացիք, որ Ադրբեջանի կառավարությունը սերմանել  է հայերի նկատմամբ ատելության մթնոլորտ: Ի՞նչ եք կարծում՝ հայերն ի՞նչ են զգում ադրբեջանցիների նկատմամբ։ Ի՞նչ եք Դուք զգում ադրբեջանական ժողովրդի նկատմամբ՝ ի հակադրություն ադրբեջանական կառավարության։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարծում եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը բռնապետական կառավարման գերի է, և հայերը միշտ հարմար թշնամի են, թշնամու կերպար են Ալիևի բռնապետական իշխանության համար, որպեսզի նա կարողանա դրանով շրջանցել երկրում ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները, ցածր կենսամակարդակը, խոսքի ազատության բացակայությունը: Եկեք նայենք այսօրվա իրավիճակը՝ այսօր, օրինակ, Ադրբեջանում սոցիալական ցանցերը խստորեն սահմանափակված են՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ սոցիալական ցանցերը բաց են:

«Ֆրանս24» լ/գ — Արդյոք կարծո՞ւմ եք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է կարգավորվել, քանի դեռ իշխանության է ներկայիս ադրբեջանական ռեժիմը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, նայած կարգավորում ասելով, ի՞նչ նկատի ունեք: Իրականում այս կոնֆլիկտը ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև է, այս կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է: Պարզապես քանի որ Լեռնային Ղարաբաղի հայությունն այս կոնֆլիկտի արդյունքում՝ սկսած 1988 թվականից գտնվում է գոյութենական վտանգի ներքո, Հայաստանը, հայ ժողովուրդը պետք է կանգնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի թիկունքին, չի կարող անպաշտպան թողնել: Սա է ամբողջ ճշմարտությունը:

«Ֆրանս24» լ/գ — Ես նաև կցանկանայի հարցնել այս հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության մասին։ Դուք խիստ քննադատում եք Թուրքիայի հռետորաբանությունը, նրա աջակցությունն Ադրբեջանին։ Ի՞նչ ապացույցներ և փաստեր ունեք Թուրքիայի անմիջական ներգրավվածության վերաբերյալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ և առաջ, այս պատերազմն սկսվել է որպես թուրք-ադրբեջանական զորքերի համատեղ զորավարժության արդյունք՝ օգոստոսին Թուրքիան զորքեր է տեղափոխել Ադրբեջան, սկսել են համատեղ զորավարժություններ, և այդ զորավարժությունները գործնականում չեն ավարտվել մինչև պատերազմական գործողությունների մեկնարկը:

Երկրորդը՝ հիմա էլ թուրք բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները գտնվում են Ադրբեջանում, գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարական կետերում և ղեկավարում են պրոցեսը: Եվ, ըստ էության, սա ընդունեց նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ Թվիթերի իր էջում գրելով, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին է ինչպես դիվանագիտության, այնպես էլ մարտի դաշտում: Իհարկե, ինձ ասել են, որ նա որոշ ժամանակ անց ջնջել է այդ գրառումը, բայց դա, ըստ էության, շատ բան չի փոխում:

Եթե մենք հիմա նայենք վերջին շրջանի, վերջին 2 ամսվա թուրք պաշտոնյաների հրապարակային հայտարարությունները, որևէ կասկած չի լինի: Մարտական գործողությունների առաջին օրերին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները և, մասնավորապես, Ադրբեջանի առաջին փոխնախագահը հրապարակային շնորհակալություն հայտնեց Թուրքիային իրենց աջակցելու  համար: Բացի դա, ես կարծում եմ՝ հիմա միջազգային հանրությունը դրան չի կասկածում, որովհետև, ըստ էության, Եվրամիությունը, Ֆրանսիան հստակ արձանագրել են Թուրքիայի մասնակցությունը ռազմական գործողություններին, և ոչ միայն դա, այլև այն, որ Թուրքիան Սիրիայի վարձկաններին հավաքագրել է և տեղափոխել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ կռվելու: Ավելին, ես կարող եմ ասել, որ մենք ունենք կոնկրետ ապացույցներ՝ թուրքական F-16 ինքնաթիռների կողմից մարտական գործողություններին ներգրավվելու վերաբերյալ:

«Ֆրանս24» լ/գ – Ե՞վ

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես հիմա Ձեզ ցույց կտամ: Սրանք մեր ռադարների արձանագրումներն են օրերով, ամիսներով, ժամերով՝ թուրքական F-16 ինքնաթիռների թռիչքների և մարտական գործողություններին նրանց մասնակցության վերաբերյալ: Դուք այստեղ կարող եք տեսնել՝ 27 սեպտեմբերի, 28 սեպտեմբերի, թե ինչպես են թուրքական ինքնաթիռները հատել Հայաստանի սահմանը և մտել օդային տարածք, և նաև իմիջիայլոց, Վարդենիսում գյուղեր են ռմբակոծել: Այս բոլոր ապացույցները, իհարկե, մենք մեր միջազգային գործընկերներին կներկայացնենք, ներկայացրել ենք: Եվ այստեղ խնդիրը հետևյալն է՝ F-16 ինքնաթիռն արևմտյան արտադրության, ամերիկյան արտադրության ինքնաթիռ է, և ես նաև Ամերիկայի մեր գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել այդ փաստի վրա. արդյոք նրանք այդ ինքնաթիռն ստեղծել են և փոխանցել Թուրքիային, որպեսզի Թուրքիան խաղաղ բնակավայրերը ռմբակոծի դրանով, և սեփական ազատությունը պաշտպանող ժողովրդի դեմ պատերազմ վարի:

«Ֆրանս24» լ/գ — Հակամարտության համատեքստում մեկ այլ՝ բազմիցս հիշատակվող ուժը Ռուսաստանն է։ Կցանկանայի հարցնել՝ հիասթափվա՞ծ եք, որ Ռուսաստանից աջակցության առաջարկ չեք ստացել, և աջակցություն ստանալու հույս ունե՞ք։ Ո՞րն է Ռուսաստանի դերակատարությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, ինչպես և Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները: Մենք և՛ Ռուսաստանի, և՛ Ֆրանսիայի, և՛ Միացյալ Նահանգների մեր գործընկերների հետ կապի մեջ ենք և նրանց ներկայացնում ենք իրավիճակը: Կարևորը, որ նրանք իմանան ճշմարտությունը և օբյեկտիվ տեղեկատվություն ունենան, թե ինչ է տեղի ունենում և ինչ է կատարվում: Նաև մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարությունը՝ նախագահների մակարդակով, և, ըստ էության, բավարարված ենք, որ նրանք խստորեն դատապարտում են բռնությունն ու բռնության մեկնարկը հակամարտության գոտում, որովհետև ակնհայտ է, թե ով է սկսել բռնությունը: Ֆրանսիայի նախագահը հստակ արձանագրեց, որ իրենք հիմնավոր են համարում այն, որ ադրբեջանական կողմն է սկսել այս հարձակումը:

«Ֆրանս24» լ/գ – Ասում են, որ Ռուսաստանն այդքան էլ շահագրգռված չէ աջակցել Հայաստանին, ինչպես առաջ, քանի որ Հայաստանը բռնել է ժողովրդավարական ուղի՝  ունենալով կառավարություն, որն ավելի հակված է խոսել այնպիսի թեմաների մասին, ինչպիսիք են մարդու իրավունքները, որի երկրպագուներից չէ Ռուսաստանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես չեմ կարծում, թե այդ գործոնները դեր ունեն կոնֆլիկտի և  էսկալացիայի մեջ, որովհետև Ռուսաստանը չէ, որ սկսել է պատերազմը: Ադրբեջանն է, որ սկսել է պատերազմը, և Ադրբեջանի դրդապատճառների մեջ, այո՛, նրա բռնատիրական բնույթը կարող է էական դեր ունենալ:

«Ֆրանս24» լ/գ — Ադրբեջանն ասում է, որ Դուք անակնկալի եք բերել նրանց՝ ոնենալով ավելի պակաս հաշտարարական հռետորաբանություն Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի առումով, քան  նրանք ակնկալում էին։ Նրանք կարծում էին, որ թավշյա հեղափոխությունից հետո կլինի տարբեր, և կլինի խաղաղության հնարավորություն։ Ո՞րն է Ձեր և նախկին ռեժիմի՝ Արցախին վերաբերող քաղաքականության տարբերությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ ես ասել եմ, առաջարկել եմ Ղարաբաղի հարցի կարգավորման ֆորմուլա, և դա հնչել է հետևյալ կերպ՝ ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Ընդ որում, միշտ ասելով, որ երկրների թվարկման հաջորդականությունը հավասարապես նույնն է:

«Ֆրանս24» լ/գ – Ներեցեք, բայց դա բանաձև չէ, այլ մտադրության հայտարարություն առ այն, որ մենք պետք է հասնենք լուծման, որը կլինի բավարարող:  Բայց արդյոք իրականում կա՞ լուծում, քան մտադրությունների վերաբերյալ հայտարարությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –  Գիտեք, որևէ ռազմավարական հարց լուծելու համար մենք պետք է նախ ճշտենք հայեցակարգը, թե ինչ հայեցակարգի հիման վրա ենք մենք լուծում: Հնարավոր չէ առանց հայեցակարգային մոտեցման որևէ հարց լուծել, որովհետև դա կլինի անկանոն շարժումների հավաքածու: Մենք պետք է իմանանք, թե որ ուղղությամբ պետք է գնանք: Եվ ես այս բանաձևն առաջարկելով՝ առաջարկել էի, որ Ադրբեջանի նախագահը նույնպես այդ բանաձևն ընդունի, որի արդյունքում կարող ենք արձանագրել, որ մենք ունենք բոլորովին նոր իրավիճակ բանակցային գործընթացում: Բայց Ադրբեջանի նախագահը ոչ միայն պատշաճ արձագանք չտվեց սրան, այլև ասաց,  ըստ էության, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի այնպես, ինչպես ընդունելի է Ադրբեջանի ժողովրդին:

«Ֆրանս24» լ/գ – Այո՞:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Այո: Եվ նա, ըստ էության, ասում է, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է տեղի ունենա բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Իսկ դա ի՞նչ է նշանակում: Դա նշանակում է 1988 թվականի, այսինքն՝ կոնֆլիկտի մեկնարկի ստատուս-քվոյի իրավիճակին վերադառնալ: Ինչպե՞ս է հնարավոր մի հարց լուծել, մի կոնֆլիկտ լուծել՝ այդ կոնֆլիկտի ծագման պատճառների պարամետրերը վերահաստատելով:

«Ֆրանս24» լ/գ — Արդյոք, Ձեր կարծիքով, կա՞ն բաներ, որ կարող եք նրանց առաջարկել, փոխել նրանց դիրքորոշումը, ինչպես, օրինակ, վերադարձի իրավունքը՝ թողնելու ադրբեջանցիներին վերադառնալու Լեռնային Ղարաբաղ, թե՞ կարծում եք այս գաղափարն ամբողջովին անիրատեսական է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –  Գիտեք, նախ մենք պետք է արձանագրենք, որ Լեռնային Ղարաբաղը նույնպես տարածքներ ունի կորսված: Որևէ մեկն այդ տարածքները վերադարձնելու մասին մտածո՞ւմ է, Ադրբեջանը պատրա՞ստ է արդյոք վերադարձնել տարածքները:

Երկրորդը՝ մենք պետք է արձանագրենք այդ տարածքների ձևավորման պատճառը: Ո՞րն է եղել այդ տարածքների ձևավորման պատճառը: Դրանք Արցախն անվանում է անվտանգության գոտի, և դա կա անվտանգության գոտի: Երբ 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը որոշեց օգտվել իր լեգիտիմ իրավունքից, որը նախատեսված էր Խորհրդային Միության օրենքներով, և որտեղ նախատեսված էր, որ եթե որևէ հանրապետություն, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի Հանրապետությունն անկախություն է ստանում Խորհրդային Միությունից, նրա կազմում գտնվող ինքնավար միությունը, տվյալ դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն իրավունք ունի նույնպես ստանալ անկախ կարգավիճակ: Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, օգտվելով այս օրենքից, այս իրավունքից, բացարձակապես խաղաղ, սա շատ կարևոր է՝ ոչ թե զինված, այլ խաղաղ, ժողովրդավարական մեթոդներով փորձել է իրացնել իր իրավունքը: Սրան Ադրբեջանը պատասխանել է ուժային մեթոդներով, ընդ որում՝ նախ Բաքվում և Սումգայիթում հարձակումներ, բռնություններ, սպանություններ ձեռնարկելով հայերի դեմ, ապա, ըստ էության, զինված հարձակում գործելով Ղարաբաղի վրա: Այդ զինված հարձակումների արդյունքում Ղարաբաղը տարածքային կորուստներ է ունեցել, խաղաղ բնակչությունը ռմբահարվել է, և մարդիկ, այլ տարբերակ չգտնելով, որոշել են պարզապես Ադրբեջանի ագրեսիան հնարավորինս հեռացնել: Եվ այդպես ձևավորվել է այդ անվտանգության գոտին, որը հիմա փաստորեն նոր զինատեսակների առկայության տրամաբանությամբ, պարզվում է, այդքան էլ էֆեկտիվ չէ, որովհետև եթե այդ անվտանգության գոտու ձևավորման արդյունքում, ասենք, 1994 թվականին ադրբեջանցիները չէին կարողանում խոցել Ղարաբաղի քաղաքները, հիմա արդեն նորից կարողանում են խոցել:

«Ֆրանս24» լ/գ – Այս հակամարտությունը գտնվում էր սառեցված վիճակում 1994 թվականից, բայց հիմա թվում է, թե այն ժայթքել է այնպիսի լայն մաշտաբներով, ինչպիսին չի եղել դրանից հետո։ Ի՞նչ եք կարծում՝ որքա՞ն այն կշարունակվի, արդյոք Դուք գո՞հ եք հայերի մոբիլիզացիայով, գո՞հ եք, թե ինչպես է այն ընթանում, թե՞ ակնկալում եք երկարաժամկետ կռիվ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Ես ասել եմ նաև, որ սա, ըստ էության, Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության քաղաքականության շարունակությունն է: Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջան՝ շարունակելու հայերի ցեղասպանությունը: Եվ, ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ դա  ոչ թե ուղղակի հայերից վրեժ լուծելու կամ հայատյացությունը պարպելու միջոց է, այլ պարզապես Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ ընդլայնելու իրենց էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի արևելք, դեպի հարավ-արևելք:

«Ֆրանս24» լ/գ — Դուք իսկապես կարծո՞ւմ եք, թե նրանք ցանկանում են ազատվել Հայաստանից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Իհարկե: Ես դրանում որևէ կասկած չունեմ: Դա Թուրքիայի պատմական նպատակն է:

«Ֆրանս24» լ/գ —  Դուք խոսում եք ՆԱՏՕ-ի անդամի մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Կներեք, այդ ՆԱՏՕ-ի անդամն ընդամենը 2 ամիս առաջ, մեկ ամիս առաջ հարձակվել էր ՆԱՏՕ-ի մեկ ուրիշ անդամ Հունաստանի վրա: Եկեք նայենք՝ ի՞նչ է անում Թուրքիան Միջերկրական ծովում, ի՞նչ է անում Սիրիայում, ի՞նչ է անում Իրաքում: Այսօր Թուրքիան հստակ խնդիր ունի՝ վերականգնել թուրքական կայսրությունը, և չզարմանաք, եթե նույն քաղաքականությունն այստեղ հաջողություն ունենալու դեպքում այդ կայսրության մեջ փորձ արվի ընդգրկել ոչ միայն հունական կղզիները, այլև կարող է ընդլայնել մայրցամաքային Եվրոպայում ունեցած տարածքները: Եթե Թուրքիան այս գործում հաջողության հասնի, ուրեմն սպասեք իրեն Վիեննայում:

«Ֆրանս24» լ/գ —  Դուք սրա համար այլ լուծում չե՞ք տեսնում, քան հնարավորինս շատ մարդկանց մոբիլիզացնելն ու պայքարը շարունակելը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Ի՞նչ պետք է անի ցեղասպանության սպառնալիքի ներքո գտնվող ժողովուրդը: Պետք է պաշտպանի ինքն իրեն: Իսկ հարցի խաղաղ կարգավորման մասին լրջորեն կարելի է խոսել այն ժամանակ, երբ ահաբեկիչները և Թուրքիան այս տարածաշրջանից, իրենց նպատակներով հանդերձ հեռանան: Եվ ես ուզում եմ ասել՝որևէ մեկը հանկարծ թող չմտածի, թե սա շատ հեռու է Եվրոպայից: Սա շատ հեռու չէ Եվրոպայից, և այս է պատճառը, որ ասում եմ՝ Հայաստանն ու Ղարաբաղը դարձել են քաղաքակրթական առաջնագծեր: Եվ եթե Թուրքիան այստեղ իր իմպերիալիստական քաղաքականությամբ հաջողվի, սպասեք նրան Վիեննայում: Բայց եկեք չավարտենք այդ նոտայով, որովհետև ես համոզված եմ, որ քաղաքակրթությունը կհաղթի: Չի կարող քաղաքակրթությունը չհաղթել, և չի կարող ապրելու կամք ունեցող ժողովուրդը չհաղթել: Որևէ կասկած չկա, որ հայ ժողովուրդը, որ երկիր մոլորակի վրա ապրում է արդեն մի քանի հազար տարի, ունի ապրելու կամք:

«Ֆրանս24» լ/գ — – Գուցե Դուք կցանկանայիք ինչ-որ բան ասել նաև Ադրբեջանի ժողովրդին, ովքեր նույնպես ունեն ապրելու կամք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Ես Ադրբեջանի ժողովրդին միայն մի բան կարող եմ ասել՝ հարցրեք ինքներդ ձեզ, ի՞նչքանով դուք գիտեք ճշմարտությունը ձեր սեփական ժողովրդի, ձեր սեփական իշխանությունների, նրանց ունեցած հարստությունների, նրանց կատարած գործարքների և նրանց նպատակների մասին: Ադրբեջանում 1994 թվականից մի ընտանիք է իշխում, մի ընտանիք: Սա նկատի ունեմ՝ քաղաքակրթական առաջնագիծ ասելով: Օրինակ, նույն Լեռնային Ղարաբաղում 4 նախագահ է փոխվել այդ նույն ընթացքում, 4 նախագահ, Հայաստանի Հանրապետությունում 4 նախագահ է փոխվել, Ադրբեջանում նույն ընտանիքն իշխում է 1993 թվականից, ոչ թե 1994: Այս թվաբանության մեջ մեկ տարի պլյուս-մինուս էական չէ: