Վրաստանի Ազգային անվտանգության խորհուրդը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների թեմայով նիստ է անցկացրել, որի ընթացքում ԵՄ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային հանրությանը կոչ է արվել բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել տարածաշրջանում բռնության վերացման և երկխոսության հաստատման համար. այս մասին ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ:

Վրացական կողմը ևս մեկ անգամ իրավիճակի բարելավման գործում իր ներդրումն ունենալու պատրաստակամություն է հայտնել և առաջարկել է մայրաքաղաք Թբիլիսին որպես երկխոսության վերահաստատման վայր օգտագործել:

Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ հայտարարելով, որ պատրաստ է Թբիլիսիում հարթակ տրամադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ցանկացած ձևաչափով բանակցություններ անցկացնելու համար:

«Ես ցանկանում եմ դիմել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին և իշխանություններին, որպեսզի որքան հնարավոր է արագ վերականգնենք նրանց միջև երկխոսությունը, կոչ անենք նվազեցնել սրացումը և դադարեցնել կրակը: Մենք պատրաստ ենք մեր երկիրը, Թբիլիսին, դարձնել մի վայր, որտեղ հնարավոր կլինի անցկացնել ցանկացած բանակցություններ: Մենք պատրաստ ենք անել այն ամենը, ինչ կցանկանան կողմերը»,- ասել է Զուրաբիշվիլին ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, որը նվիրված է եղել ղարաբաղյան հակամարտությանը: