Այսօր շատ ծանր մարտական գործողություններ են ընթացել հատկապես հյուսիսում եւ հարավում. Հակառակորդը փորձել է լայնածավալ հարձակում իրականացնել՝ օգտագործելով մեծաքանակ զրահատեխնիկա, հրետանի, փորձել է ռազմաճակատի գիծը ճեղքել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ծանր ու համառ մարտերից հետո հնարավոր է եղել հակառակորդի առաջխաղացումը կասեցնել՝ պատճառելով մեծ կորուստներ: Միայն մարտական գործողությունների անդադար տեւողությունը եղել է 6-7 ժամ: Հասկանալի է, որ այս ամենը հեշտությամբ չի տրվում մեր զորքերին»,-ասաց նա:

Արծրուն հովհաննիսյանը ներկայացրեց Ադրբեջանի կորուստները 1 օրվա ընթացքում. «Այս ընթացքում հակառակորդը կորցրել է շուրջ 2300 անձնակազմ, միայն անցնող 1 օրում կորցրել է 440-450 զինծառայող կամ ահաբեկիչ: Մոտվորապես 800-900 վիրավոր է տվել: Հաջողվել է խոցել միայն այսօր մարտի մեջ մտած մոտ 45 զրահատեխնիկա: Այսօր մեր զորքերին հաջողվել է նաեւ մարտի մեջ չմտած 8-10 զրահատեխնիկա խոցել հեռահար կրակով: Սա աննախադպ հաջողություն պետք է համարել:

Միայն այսօր խոցվել է 10 ԱԹՍ: Ընդհանուր առմամբ խոցված ԱԹՍ-ների  թիվը հասել է 113-ի: հակառակորդի զրահատեխնիկայի կորուստը արդեն կազմում է 250 միավոր: Միայն այսօր խոցվել է 3 «Սմերչ» կայան: Այսօր խոցվել է 3 ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ: Ահա այսպիսի ծանր մարտեր են մղվում: մեր զորքերը ցուցաբերում են աննախպադեպ քաջություն, հմտություն, գրագիտություն եւ չեն նահանջում»: