Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է՝ խորապես ցավում է, որ կողմերը շարունակում են ռազմական ներգրավվածությունը՝ չնայած միջազգային հանրության, այդ թվում` իր եւ ԵԱՀԿ համանախագահների կողմից հրադադարիբազմիցս հնչեցրած կոչերին: Նա կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները: Այս մասին «Ամերիկայի ձայնին» ասել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

Ըստ խոսնակի՝ գլխավոր քարտուղարը համոզված է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նա շեշտել է, որ ռազմական գործողությունների շարունակումը միայն ավելի է խորացնելու մարդկային տառապանքները, եւ որ երկխոսությունը հակամարտության կայուն եւ տեւական լուծման միակ ճանապարհն է:

Գլխավոր քարտուղարը նաեւ կրկնում է Գերագույն հանձնակատար Բաչելետի սեպտեմբերի 29-ի հայտարարությունը եւ կոչ անում բոլոր կողմերին հարգել միջազգային մարդու իրավունքները եւ մարդասիրականօրենքները: Գլխավոր քարտուղարը հիշեցնում է երկու կողմերի ղեկավարություններին, որ քաղաքացիական անձինք եւ ենթակառուցվածքները պետք է մշտապես պաշտպանված լինեն: