Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան երկրի պաշտոնյաներին կոչ է արել հավասարակշռված մեկնաբանություններ անել  հայ-ադրբեջանկան հակամարտության վերաբերյալ, որպեսզի այդ մեկնաբանությունները

համընկնեն այս հարցում Կիևի պաշտոնական դիրքորոշման հետ, այլ ոչ թե թշնամանք սադրեն:

«Կարճ ասած՝ կառավարե՛ք ձեր հույզերը և մի՛ խաղացեք այլոց հույզերի հետ»,-գրել է նախարարն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

Նա անդրադարձել է Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոյի հայտարարությունն առ այն, որ Ուկրաինան պատրաստ է ԼՂ հակամարտության սրման ֆոնին ռազմական և մարդասիրական օգնություն ցուցաբերել Բաքվին:

«Պատգամավորի այս հայտարարությանն ի պատասխան կցանկանայի ասել հետևյալ. «Յուրաքանչյուր պատգամավոր կարող է ցանկացած հարցով իր դիրքորոշումը կամ կարծիքը հայտնել, սակայն այլ պետություններին օգնության տրամադրման հարցը կառավարության և երկրի նախագահի լիազորությունների շրջանակում է»»,-գրել է Կուլեբան:

Նա դիմել է Ուկրաինայի հայկական և ադրբեջանական համայնքներին՝ կոչ անելով չտրվել սադրանքներին:

Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում անդրադառնալով ԼՂ հակամարտության սրմանը, հայտարարել է, որ Ուկրաինան հակամարտության կողմերից որևէ մեկին ռազմական օգնություն չի տրամադրի:

«Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի հայ-ադրբեջանական հակամարտության կողմերից և ոչ մեկին: Իսկ այ բուժօգնություն, մասնավորապես՝ դեղահաբեր, չափազանց վառ երևակայության տեր պատգամավորների համար պետք է ամբողջ երկրով փնտրենք»,-գրել է նախարարը:

Ավակովի գրառմանը նախորդել էր Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոյի հայտարարությունն առ այն, որ Ուկրաինան պատրաստ է  ԼՂ հակամարտության սրման ֆոնին ռազմական և մարդասիրական օգնություն ցուցաբերել Բաքվին:

«Ժողովրդի ծառա» իշխանական կուսակցության անդամը նշել էր, որ եթե հարցը սուր դրվի, ապա Կիևն անտարբեր չի անցնի դրա կողքով: Նրա խոսքով՝ իշխանություններն արդեն աջակցություն են տրամադրում Բաքվին իրավական դաշտում և ռեսուրսների ոլորտում՝ պատրաստելով մարդասիրական օգնություն:

«Ուկրաինան այսօր պատրաստ է տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին: Խոսքը և՛ ռազմական, և՛ մարդասիրական օգնության մասին է»,-հեռուստատեսությամբ հայտարարել է Մարչենկոն: