Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը Լեռնային Ղարաբաղում հակամարտող երկրների կողմից իր տարածքի վրա ցանկացած հարձակում անթույլատրելի է համարում: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է երկրի ԱԳՆ պաշտոնական կայքում:

«Հայտարարում ենք, որ հակամարտող երկրների կողմից մեր տարածքի վրա իրականացված ցանկացած հարձակում անընդունելի է, և լրջորեն զգուշացնում ենք, որ կողմերն անհրաժեշտ զգուշավորություն ցուցաբերեն այս առնչությամբ»,- ներկայացուցչի խոսքերը մեջբերել է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Խաթիբզադեն ընդգծել է նաև, որ «անհրաժեշտ է հարգել խաղաղ բնակչության վրա հարձակում չգործելու սկզբունքը»:

«Անհրաժեշտ է դադարեցնել բախումները և իրական երկխոսություն սկսել: Թեհրանը պատրաստ է այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ օգնություն ցուցաբերել»,- հավելել է նա:

Հինգշաբթի իրանական մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցներից մեկի արձակած արկերը պատահաբար հայտնվել էր Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի գյուղերից մեկում: Դրա հետևանքով վնասվել էին մի քանի տներ, վիրավորում էր ստացել նաև գյուղում բնակվող մի երեխա: Բացի այս ավելի ուշ հայկական կողմը հայտնել է, որ Ադրբեջանի խոցված ուղղաթիռներից մեկն էլ ընկել է Իրանի տարածք: